Կիևի դատարանը մերժել է բավարարել Սաակաշվիլիի հայցը, որով նա պահանջում էր անօրինական ճանաչել Լեհաստան իր ռեադմիսիայի մասին որոշումը

15:50 • 01.06.18

Կիևի շրջանային վարչական դատարանը մերժել է բավարարել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայցը, որով նա պահանջում էր անօրինական ճանաչել Լեհաստան իր ռեադմիսիայի մասին Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության որոշումը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը:

Ուկրաինայի իշխանությունները փետրվարին Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանը անօրինական ճանապարհով անցել է Ուկրաինա՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների շարքը: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է Սաակաշվիլիին մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը: Մամուլի ծառայության տվյալներով՝ Սաակաշվիլին խնդրել է դատարանին անօրինական ճանաչել Լեհաստան իր ռեադմիսիայի մասին Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության որոշումը, հայցվորը նաև խնդրում էր դատարանին չեղարկել այդ որոշումը:

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին 2017 թվականի սեպտեմբերի 10-ին աջակիցների ուղեկցությամբ ճեղքել է սահմանապահների և իրավապահների շարքերը «Շեգինի» անցակետում և Լեհաստանից մտել Ուկրաինայի տարածք: Սաակաշվիլիի փաստաբանը դիմում է ներկայացրել միգրացիոն ծառայությանը՝ նրան պետության լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու մասին։ Դա արվել է Վրաստան նրա արտաքսումը թույլ չտալու նպատակով:

Գերատեսչությունը մերժել է քննել այդ դիմումը՝ պատճառաբանելով, որ այն ներկայացրել է ոչ թե անձամբ Սաակաշվիլին, այլ նրա ներկայացուցիչները: Դրանից հետո Վրաստանի նախկին նախագահն անձամբ դիմում է ներկայացրել, սակայն այն մերժվել է: