Մադուրոն համաձայնել է ազատ արձակել քաղբանտարկյալներին

11:27 • 01.06.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմությունից չորս նահանգապետերի հանդիպմանը ձեռք է բերվել մեկ օրվա ընթացքում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին պայմանավորվածություն: Այդ մասին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը՝ Տաչիրա նահանգի ղեկավար Լեյդի Գոմեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել Կարակասում՝ «Միրաֆլորես» նախագահական պալատում:

«Նախագահի պատասխանն այսպիսին է եղել՝ առաջիկա 24 ժամում պետք է սկսվի ազատ արձակման գործընթացը, իսկ մենք պատրաստ ենք լինել այստեղ՝ ներկա լինելու համար բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- հայտարարել է Գոմեսը պետական հեռուստաատեսության եթերում:

Մայիսի 20-ին նախագահի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին հաղթանակ է տարել Մադուրոն, Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է, որ «քաղաքական բռնության» համար ձերբակալված և դատապարտված ընդդիմադիրներն ազատ կարձակվեն: Սուլիա նահանգում արդեն ազատ է արձակվել մոտ 20 մարդ: