Բոսնիա և Հերցեգովինայում հերքել են ներգաղթյալներին քաղաքացիություն տրամադրելու մասին լուրը

17:41 • 01.06.18

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից ներգաղթյալները չեն կարողանա մնալ Բոսնիա և Հերցեգովինայում ու ստանալ երկրի քաղաքացիություն: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Դրագան Մեկտիչը, հաղորդում է «РИА Новости»-ն:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մեկտիչը հերքել է տեղացի սերբ քաղաքական գործիչների մտավախություններն առ այն, որ հազարավոր ներգաղթյալներ կարող են մնալ Բոսնիա և Հերցեգովինայում ու երկրի քաղաքացիություն ստանալ՝ այս կերպ փոխելով երկրում ստեղծված ժողովրդագրական պատկերը հօգուտ մուսուլմանների:

«Այսպիսի պլան գոյություն չունի, և այն չի կարող իրականացվել առանց իմ իմացության, թույլտվության ու համապատասխան որոշման ընդունման», - ասել է Մեկտիչը:

Նախարարը հավելել է, որ ինքը «խաչակնքվել է, երբ միգրանտների խնդրի մասին խոսել է նույնիսկ էլեկտրական ցանցերի տնօրենը» և խորհուրդ տվել քաղաքացիներին չհավատալ քաղաքական մանիպուլյացիաներին: