Առաջին իսկ օրվանից ուսումնասիրել եմ նախարարության ֆինանսական հատվածը, տեսել եմ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր. սփյուռքի նախարար
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում կներկայացվի տեղեկատվություն, թե որտեղ ենք մենք տեսնում կոռուպցիոն ռիսկեր՝ ընթացիկ ծրագրերում, բյուջեում: Լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նորանշանակ նախարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Մխիթար Հայրապետյանը:
Միայն դրանից հետո, նրա խոսքով, իրենք կհասկանան՝ դիմո՞ւմ են իրավապահ մարմիններին, թե ոչ: «Փորձում ենք հասկանալ, թե որոնք են խախտումները, բայց իրական գործեր դեռևս չկան»,- ասաց նախարարը:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ինքը, ի տարբերություն նախորդ նախարարի, սփյուռքահայերին չի դիմելու բանկերում գումար գցելու կոչով, նա ավելացնելու է երիտասարդական ծրագրերի ծավալները:
«Գիտահետազոտական կառույցներ պետք է ստեղծվեն նախարարությանը կից, կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն նախարարության ներսում: Առաջիկա չորս կամ հինգ օրում մամուլի ասուլիս կհրավիրենք՝ ծրագրերի ժամկետներ անելու, ծրագրեր ներկայացնելու մասին»,- նշեց նա:
Հայրապետյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք գո՞հ է նախորդ նախարարի աշխատանքից, թե ոչ:
«Ես առաջին իսկ օրվանից ուսումնասիրել եմ ծրագրերի ֆինանսական հատվածը, ունեմ մտավախություններ, տեսել եմ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր: Եթե կարողանանաք առավել արդյունավետ օգտագործել դրանք, նախորդ ծրագրերը կկարողանանք շարունակել: Եթե տասը տարի շարունակ նույն ընկերությունները շահել են մրցույթները, և ընթացիկ ծրագրերը պետք է նույն կազմակերպություններն անեն, այստեղ խնդիր կա: Եթե կարողանանք մրցույթներ հայտարարել՝ բաց, թափանցիկ, ապա կշարունակենք ծրագրերը»,- շեշտեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ կաշկանդված չէ իր գործողություններում և առաջիկայում ներկայացնելու է ուսումնասիրությունների արդյունքները:
Խոսելով ակնկալիքների մասին, որ հեղափոխությունից հետո ներգաղթ կլինի՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ շատ են լուրերն այն մասին, որ բազմաթիվ հայեր վերադառնում են:
Նա ասաց, որ ամեն դեպքում հայրենադարձություն ասելով իրենք նկատի են ունեցել ինստիտուցիոնալ հայրենադարձությունը. «Այո, Սերժ Սարգսյանը գնաց, նոր կառավարություն ձևավորվեց, բայց չես կարող հայտարարել մեծ ներգաղթի մեկնարկի մասին, եթե չկան համապատասխան պայմաններ: Երբ մենք վստահ կլինենք, որ հայրենադարձվածը կգա ու կինտեգրվի հանրությանը, կապահովվի աշխատատեղերով, կեցության վայրերով… Մենք ունենք քաղաքական կամք հավասար պայմաններ ապահովելու, բիզնեսի համար լավ միջավայր ստեղծելու համար»:










