Իսպանիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ռախոյի կառավարությանը

15:16 • 01.06.18

Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն է հայտնել Մարիանո Ռախոյի Ժողովրդական կուսակցության կառավարությանը։ Երկրի նոր վարչապետ կդառնա Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության ղեկավար Պեդրո Սանչեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է ութ կուսակցությունից 180 պատգամավոր:

Ռախոյը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2011 թվականի դեկտեմբերից: Կառավարության ներկայիս կազմը հաստատվել է 2016 թվականի նոյեմբերին:

Անվստահության քվեի պատճառ է դարձել անցած շաբաթ աղմկոտ կոռուպցիոն գործով Իսպանիայի ազգային դատարանի կայացրած դատավճիռը: Գործում ներգրավված են եղել իշխող Ժողովրդական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվել են կաշառակերության, փողերի լվացման և հարկերից խուսափելու համար: Բացի այդ, դատարանը գտել է, որ կուսակցությունը շահել է տեղի ունեցած խարդախություններից, այդ առնչությամբ, կուսակցությունը՝ որպես իրավաբանական անձ, պետք է վճարի մոտ 245 հազար եվրո: