Ուժի կիրառումն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը․ քուրդ զինյալներն արձագանքել են Ասադի հայտարարությանը

13:43 • 01.06.18

Քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումն արձագանքել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ նախօրեին արած հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ասադը հայտնել էր, որ իրենք պատրաստ են խաղաղ բանակցությունների գնալ Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալների հետ, իսկ երկխոսության միջոցով համաձայնության չգալու դեպքում չեն խուսափի ուժի կիրառումից։ 

Ինչպես փոխանցում է artigercek.com կայքը, ի պատասխան Ասադի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման խոսնակ Քինո Գաբրիելը հայտարարել է, որ ուժի կիրառումը ոչ միայն ունակ չէ լուծել առկա խնդիրները, այլև է՛լ ավելի կբարդացնի իրավիճակն ու սիրիացիների կյանքի՝ առանց այդ էլ դժվարին պայմանները։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» էր անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից։