ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիա է անցկացվում

13:40 • 02.06.18

13:58

Ստեփանակերտում ամեն ինչ ընդհանուր վերահսկողության ներքո է. ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ, ադրբեջանական մեդիադաշտի փորձագետ Էդգար Էլբակյանը։

Նա մասնավորպես գրել է. «Կասկածներ կան պետական զինծառայողների կողմից զանգվածային հանցագործության, ինչը հարուցել է ժողովրդի հիմնավորված ցասումը։ Բարեբախտաբար, կա արդյունավետ հաղորդակցություն և բանակցություններ։ Տեղում են պետական նախարարը (վարչապետ), անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության փոխնախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իշխանությունը պատրաստ է կազմակերպել դժգոհ քաղաքացիների և բարձրաստիճան հանձնառու պաշտոնյաների հանդիպում»:  

13:40

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից վրդովված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիան շարունակվում են, նրանք փակել են  մայրաքաղաքի կենտրոնական փողոցը:

Քաղաքագետ, Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը Facbook-ի էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, մարդիկ չեն ցրվելու։ Ըստ նրա՝ մարդիկ բողոքում են «տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ»։

Ըստ նրա, հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։ «Առաջին «դուխով» բացականչությունն էլ եղավ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների: Տուժածների հարազատները բողոքի էին դուրս եկել, փողոցներ են փակել՝ պահանջելով արդարադատություն։

Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 1-ին ժամը 19։25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել:  Բերման են ենթարկվել 15 անձ, դեպքի առնչությամբ քննություն է տարվում։