Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստով մեկ քաղաքացի կալանավորվել է, երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. Ս. Տռուզյան
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին երեկ մեղադրանք է առաջադրվել:
Նրանցից երեքի՝ Գ. Խաչատրյանի, Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Էրեբունի փողոցի դեպքերի առնչությամբ Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 քաղաքացուց 2-ի մասով գիշերը դատարանը մերժել է կալանավորման մասին քննիչի միջնորդությունները,նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 1 անձ՝ Գ. Խաչատրյանը կալանավորվել է: Քաղաքապետի ու նրա օգնականի նկատմամբ խափանման միջոց կընտրվի այսօր»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։










