Լուկաշենկոն խոստացել է «ադեկվատ պատասխան» տալ Ռուսաստանին, եթե այն հսկողություն սահմանի երկու երկրների սահմանին

11:32 • 02.06.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է «ադեկվատ պատասխան» տալ Ռուսաստանին, եթե այն հսկողություն սահմանի երկու երկրների սահմանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը՝ խնդրեմ։ Կփակեն՝ մենք նույնպես ի պատասխան պետք է հսկողություն սահմանենք սահմանին»,- ասել է Բելառուսի նախագահը։


Նա կոչ է արել «չնմանվել ռուսներին», որոնք «իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում և ինչ են անում ռուս-բելառուսական սահմանին»։

«Թող կողմնորոշվեն։ Մենք պատրաստ ենք ամեն րոպե ադեկվատ պատասխան տալ»,-ասել է Լուկաշենկոն։


«Մենք չպետք է շտապենք։ Պետք է տեսնենք՝ ինչ են ուզում նրանք։ Մենք գիտենք՝ որտեղ են նրանք ավելացրել իրենց զորքերը, հրամանատարական կետեր ու այլ ենթակառուցվածք ստեղծել»,- ասել է նա։


Լուկաշենկոն հավելել է, որ հարցը կբարձրացվի հունիսին սպասվող Դաշնակցային պետության բարձրագույն պետխորհրդի նիստի ժամանակ։


Բելառուսը Ռուսաստանի հետ սահմանին չունի մշտական հիմունքով տեղակայված սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ։ Իր հերթին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանին՝ ռուսական շրջաններում, սահմանային գոտիների ստեղծման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2017 թվականի սկզբին Մինսկը 5-օրյա անայցագրային ռեժիմ սահմանեց 80 երկրի համար։ Դա թույլ տվեց այդ երկրների քաղաքացիներին հատել ՌԴ սահմանը՝ առանց անհրաժեշտ ստուգումներ անցնելու։