Թբիլիսիում ժամանակավորապես դադարեցվել են բողոքի զանգվածային ակցիաները

09:42 • 02.06.18

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակավորապես դադարեցվել են բողոքի զանգվածային ակցիաները, սպասվում է, որ դրանք կվերսկսվեն այսօր երեկոյան, տեղեկացնում է РИА Новости-ի՝ տեղում աշխատող թղթակիցը։

Ցույցերի կազմակերպիչներից մեկը հայտարարել է, որ իրենք կմնան վրաններում։ «Մենք չենք հանձնվում»,- ասել է նա։


Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ հանրահավաք է անցկացվել, որից հետո գերատեսչության ղեկավար Իրակլի Շոթաձեն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:


Ինչպես նշվում է՝ բողոքի ցույցերի կազմակերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռահասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունն օբյեկտիվորեն չի հետաքննում այդ գործը և պաշտպանում է միջադեպի մասնակիցներից մեկին՝ գերատեսչության նախկին աշխատակցի որդուն:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել է մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքը փոխել կանխամտածված սպանության փորձի: Դատարանի այդ որոշումն էլ դարձել է սպանված դպրոցականի հոր և մյուսների զայրույթի պատճառը:


Հինգշաբթի հանրահավաքներ են սկսվել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարները պահանջել են «պատժել հետաքննության արդյունքների կեղծման համար բոլոր մեղավորներին» և կոչ են արել կառավարությանը հրաժարական տալ: 


Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ դարձած դեռահասի սպանության գործով նոր, թափանցիկ հետաքննություն սկսելու մասին։