Համաշխարհային ավիափոխադրողները մտահոգություն են հայտնել միջազգային առևտրի ոլորտում աճող լարվածության առնչությամբ
Միջազգային առևտրի շուրջ աճող լարվածությունը վտանգ է ներկայացնում ավիափոխադրումների ոլորտի և համաշխարհային տնտեսության համար: Այդ մասին կիրակի նախազգուշացրել են միջազգային ավիափոխադրողների և ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդկերպ նրանք մեկնաբանել են ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը նոր մաքսատուրքեր սահմանել երկիր պողպատի և ալյումինի ներկրման համար: Մի քանի օր առաջ նոր օրենքները սկսել են աշխատել նաև ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար:
«Բոլոր քայլերը, որոնք կրճատում են առևտուրը և հետևաբար կարող են սահմանափակել ուղևորափոխադրումները, վատ նորություն են»,- ասել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Դե Ժյունյակը:
American Airlines-ի գլխավոր տնօրեն Դագ Փարքերը նույնպես մտահոգություն է հայտնել երկրների միջև առևտրի հարցերում աճող լարվածության պատճառով: Այդ ոլորտում սահմանափակումներն անորոշություն են բերում, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսի վրա, վստահ են Boeing-ում և Airbus-ում:
«Մենք դա բացասական ենք գնահատում, քանի որ դա սահմանափակումներ է ստեղծում բոլորի համար, այդ թվում՝ մեր հաճախորդների համար»,- ասել է Airbus-ի կոմերցիոն տնօրեն Էրիկ Շուլցը:










