Մեծ Բրիտանիան ընդլայնում է ՌԴ իշխանությունների հետ կապված ռուսների նկատմամբ հետաքննությունները և կարող է սառեցնել նրանց ակտիվները. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի՝ հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն ընդլայնում է Ռուսաստանի ղեկավարության հետ կապված ռուսների նկատմամբ հետաքննությունների մասշտաբը և կարող է սառեցնել Միացյալ Թագավորության տարածքում նրանց ակտիվները: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը:
Լրատվամիջոցը վկայակոչում է գործակալության՝ տնտեսական իրավախախտումների և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Դոնալդ Տունին, ում քննիչների թիմն ուսումնասիրում է 120-ից 140 «Անհայտ ծագման հարստությունների օրդերների» կյանքի կոչման հնարավորությունը:
Ինքը՝ Տունը, հայտարարել է, որ իր և իր գործընկերների ջանքերը «կենտրոնացած են կոռումպացված էլիտաների և նրանց անօրինաբար ձեռք բերված հարստությունների դեմ պայքարի վրա», և հավաստիացրել է, որ գործակալության քննիչները չեն ընտրում իրենց թիրախները՝ հիմնվելով քաղաքացիության վրա:
Այնուամենայնիվ, բրիտանական կառավարությունից հետաքննությունից տեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության տեսադաշտում հայտնված անձանց զգալի մասը «ռուսներ են կամ Ռուսաստանի հետ կապված անձինք»:
Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ խոսքը «ռուս օլիգարխների և մուլտիմիլիոնատերերի մասին է»:
Աղբյուրը նշել է, որ անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի սկզբին ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման հետ կապված միջադեպը նպաստել է քննչական գործընթացի արագացմանը և ընդլայնել է «կոռումպացված ռուսների և ռուս քաղաքական գործիչների» դեմ Լոնդոնի վարած «աշխատանքի ծավալները»:










