Սլովենիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում

14:58 • 03.06.18

Սլովենիայի քաղաքացիները կիրակի ընտրում են երկրի խորհրդարանի պատգամավորներին, հայտնում է Associated Press-ը:

Նախնական հարցումների համաձայն՝ ընտրությունների ընթացքում ձայների մեծամասնությունը կարող է ստանալ նախկին վարչապետ Յանես Յանշիի Սլովենական ժողովրդավարական կուսակցությունը, սակայն դժվար թե այն ստանա ձայների քանակ, որը բավական կլինի կառավարության ձևավորման համար, նշում է գործակալությունը:

Հարցումների տվյալներով՝ նախկին վարչապետի կուսակցությունը, որը հանդես է գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության օգտին, կարող է ստանալ մոտ 25 տոկոս ձայն: Կուսակցությանն են հետևում նախկին կոալիցիայի մի շարք կուսակցություններ, որոնք կարող են ստանալ ընտրողների 10-12 տոկոսի ձայները:

Խորհրդարանական ընտրություններն արտահերթ են, հերթական ընտրությունները պետք է կայանային հուլիսին, սակայն երկրի վարչապետ Միրո Ցերարը ավելի վաղ հրաժարական էր տվել երկրի գերագույն դատարանի որոշումից հետո, որով չեղարկվում էր երկաթուղային ճանապարհի կառուցման հավանության տված հանրաքվեի արդյունքները: