Կառավարության ներկայացրածն առավել շատ հայտարարություն է, քան ծրագիր. Արթուր Մարտիրոսյան

22:40 • 04.06.18

Նոր կառավարության ներկայացրածն ընդհանրապես ծրագրի նման չէ:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը՝ հայտնելով իր կարծիքը ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի մասին:

«Ծրագիրը պետք է տրամաբանություն,  սիլլոգիզմ ունենա: Պետք է հստակ լինի, ասվի՝ ունենք այսպիսի խնդիրներ,  այսպիսի նպատակներ, և խոչընդոտները հաղթահարելու համար մենք, այսպիսի ռեսուրսներ ունենալով, այսպիսի գործողություններ ենք անելու»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ իհարկե, արտաքին քաղաքականության ոլորտը ավելի բարդ է ներկայացնելը. կոնֆլիկտաբանը նկատեց, որ պետք է որ արտաքին քաղաքականությունը կառուցելուն ուղղված քայլերն ամբողջությամբ չգաղտնազերծվեն, բայց, այնուամենայնիվ, հստակություն է պետք:

Կոնֆլիկտաբանի կարծիքով՝ նոր կառավարությունը նաև հիմա կաշկանդված է ծրագիրը ներկայացնելու հարցում՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված. նախ չգիտեն, թե որքան կյանք կունենան, երբ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բացի դրանից, Կառավարությունը համաձայնության է, և ծրագրում եղած ձևակերպումները պետք է համաձայնեցվեն բոլորի ցանկություններին և գաղափարախոսությանը:

«Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն ունի արդյոք տարաձայնություններ «Բարգավաճ Հայաստանի» կամ «Դաշնակցության» հետ: Բայց ծրագիրը շատ ընդհանրական է, այն առավել շատ հայտարարություն է, քան ծրագիր: Ավելի շատ արտահայտում է այն հայտարարությունների շրջանակը, որոնք մենք լսեցինք  Նիկոլ Փաշինյանից թե՛ Սոչիում, թե մինչև այդ, ասում են՝ շարունակելու ենք այն, ինչ մինչ այս պահը եղել է»,- նկատեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում տեղ գտած ԼՂ-ի մասին կետին, ըստ որի, վերջինս պետք է վերադառնա բանակցային սեղան, Արթուր Մարտիրոսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Առանց Արցախի մասնակցության չի կարող վճռվել հիմնահարցի լուծումը: Բայց ծրագրում հստակեցված չէ՝ արդյոք կարողանու՞մ ենք միջնորդներին, Ադրբեջանին ներկայացնել, որ մենք ցանկանում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան, արդյոք մենք կարողանու՞մ ենք դա որպես պահանջ ներկայացնել, որ առանց մեր այդ պահանջի չենք մասնակցելու բանակցային գործընթացին: Մենք պետք է հասկանանք դրա իրականացման մեխանիզմը,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով՝ Փաշինյանը և նրա ներկայացրած ծրագրում ԼՂ-ի մասին դիտարկումները պարզապես ընդհանուր գաղափար են,- բայց դա կարո՞ղ էր դառնալ ծրագրի մաս: Եթե ծրագրի մաս է, ապա պետք է ներկայացվի նաև ռազմավարությունը, ինչ քայլեր են արվելու, որ Արցախին բերենք բանակցային սեղան»:

Ծրագիրը ցանկությունների մատյան չէ, այլ պետք է լինի ռեալ իրականացվող քայլերի շարք: «Դա պետք է լինի մի փաստաթուղթ, որ ես հետո, որպես քաղաքացի, կարողանամ տեսնել դրա ռեալությունը: Ընդհանուր հայտարարություններ կարող ենք անել: Երբ խոսվում է  անվտանգության մասին, ապա պետք է հստակեցվի՝ ինչ քայլեր են արվելու մեր անվտանգության ապահովման համար: Որպեսզի ես հետո նայեմ, ասեմ՝ սրա հետ համաձայն եմ, իսկ սրա հետ՝ ոչ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պարբերաբար շեշտում են, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի՝ ազգային շահերը հաշվի առնելով, կոնֆլիկտաբանը պատասխանեց․«Նախ պետք է պարզաբանվի, թե ազգային շահ ասելով՝ ինչ են հասկանում: Դոնալդ Թրամփն այլ բան է հասկանում «ազգային շահ» ասելով, Օբաման այլ բան էր հասկանում: Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք «ազգային շահեր»: Մեր խնդիրը հենց դա է՝ ներկայացնել դրանք հերթով»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ ինքն անձամբ հասկանում է նոր կառավարության նման քաղաքականությունը: «Հայաստանն այսօր հզո՞ր երկիր է: Ո՛չ, թույլ է, մենք ունենք կախվածություն շատ երկրներից: Մենք պետք է պարզապես հզորանանք, և հզորանանք ներսից, որպեսզի կարողանանք դրսում էլ մեր շահերը պաշտպանել: Եթե նոր կառավարությունը նման պատկերացում ունի, ուրեմն ամեն ինչ ժամանակավոր է, մինչև չհզորանանք, մենք շարունակելու ենք նույն  ձևով աշխատել,- ասաց նա՝ նկատելով, որ, օրինակ, մենք հիմա Ռուսաստանի հետ խնդիրներ ունենք,- իրենք վստահության խնդիր ունեն, տեսնում են՝ նոր իշխանությունները եկել են, տեսնում են, որ այլ կերպ, առանց Ռուսաստանի չեն կարող աշխատել, դրա համար փոխել են իրենց՝ նախկինում ունեցած կարծիքը: Մտածում են, որ եթե Հայաստանը հզորանա, գուցե նորից իշխանությունները վերադառնան իրենց նախկին այն կարծիքին, որն ունեին ընդդիմություն եղած ժամանակ: Այդ ուղղությամբ էլ պետք է աշխատել»:

Արթուր Մարտիրոսյանի տպավորությամբ՝ այսօրվա իշխանություններն առավել կենտրոնացած են ներքին խնդիրները լուծելու վրա, որ իր ասած տարբերակով՝ սկզբից տունը ներսից մաքրենք, պատրաստենք, հզորանանք, հետո անցնենք արտաքին քաղաքականության ձևավորմանը:  «Այլապես իրավիճակն ավելի անկանխատեսելի և անկառավարելի է դառնալու»,- ասաց նա: