Ասում են՝ «թավշյա հեղափոխություն», ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, եղել է քաղաքական երկրաշարժ հայության մեջ. Արցախի ԱԺ-ն քննարկում է ծեծկռտուքի միջադեպը

16:01 • 04.06.18

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջարկվել է ստեղծել հանձնաժողով՝ քննարկելու համար հունիսի 1-ին Հադրութում տեղի ունեցած ծեծկռտուքն ու դրա արդյունքում առաջացած հանրային դժգոհությունը՝ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինների կեցվածքից:

Խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանն ասաց, թե հասարակության դժգոհության պատճառն այն է, որ մարդիկ ինֆորմացված չեն վատի մասին, լավի մասին:

«Ո՞վ չգիտի, որ իսկապես պրոբլեմներ ունենք, ո՞վ չգիտի, որ մեր կադրային քաղաքականությունը նորմալ չի: Ո՞վ չգիտի, որ բարձրաստիճան պաշտոնյաների ենք հրավիրում արհամարհում են, չեն գալիս: Կան չէ՞ այս խնդիրները: Ուրեմն պետք է ասվի, որ ընկերներ, ձեր տեղում չեք, ականջալուր պետք է լինենք մարդկանց: Ի՞նչ վատ բան կա, որ ցուցարարն ասում է, որ հրաժարական պետք է տա: Վտանգավոր որևէ բան չկա»,- նշեց Վ. Բալայանը:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ քաղաքական հարցերը պետք է լուծվեն խորհրդարանում, ոչ թե այս կամ այն կաբինետներում:

«Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանն էլ ասաց, որ խնդիրներ կան և իրենք պարտավոր են լսել մարդկանց տեսակետը, ամփոփել խնդիրները և դրանց լուծում տալ: «Սա մեր պարտականությունն է, մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից»,- ասաց նա:

Դ. Մելքումյանը շեշտեց, որ կուտակվել են բազմաթիվ բողոքներ, բայց ինքը, ցավոք, չի պատկերացնում, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի հնչեցրած հարցերը պատասխաններ ստանան:

«Եկեք անկախ մեր կուսակցական պատկանելիությունից համախմբված լուծենք հարցերը: Միգուցե հաջորդիվ ինչպես այս օրերին է հնչում, անհրաժեշտ լինի ստեղծել մի հարթակ, որտեղ քննարկվեն այլ հարցեր, ստեղծվի հանրային խորհուրդ: Բողոքները փողոցներից պետք է տեղափոխել այս կարևոր հարթակ: ԱԺ դերակատարությունը պետք է օգտագործվի: Այսօր մի նոր տրենդ է ընդդիմադիր լինելը, մոդայիկ է դառնում, ինձ համար զարմանալի է, վրդովվում եմ, որ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պատասխանատվություն են կրում, բայց պարզ, գոռալով խոսում են... Իհարկե, պետք է խոսել, բայց խոսալու թեմաները տարիներ շարունակ եղել են»,- նշեց Դավիթ Մելքումյանը:

«Դաշնակցություն» խմբակցությունից Գեորգի Պետրոսյանը նշեց, որ «մենք կատաստրոֆայի ծայրին ենք, ճգնաժամը եկել հասել է այստեղ»:

«Եվ ի՞նչն էր դրա պատճառը: Պատճառը խնդիրներն են, որոնք կուտակվել են Հայաստանում, այստեղ, մեր շուրջը: Ասում են՝ թավշյա հեղափոխություն: Ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, եղել է քաղաքական երկրաշարժ հայության մեջ: Սա երկրաշարժ է մեր բոլորի համար: Առաջին հերթին երկրաշարժ է մեր մտածելակերպի մեջ: Մենք սովորել ենք բյուրոկրատ լինել, ինչ է եղել որ՝ մեկը կասի, մենք կանենք, քաղաքական կամքը, քաղաքական մտածողությունը վերացել է: Հիմա եկել է ժամանակը քաղաքական կամք ցուցաբերել, ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել, թե չէ ճգնաժամը խորանալու է: Մեր գործողությունը մոբիլիզացիայի խնդիր պետք է լինի, վաղը պատերազմ է, չեք տեսնո՞ւմ»,- շեշտեց Պետրոսյանը: