Դատարանը չհրապարակեց դատավճիռը. ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը վերսկսվեց

17:03 • 04.06.18

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը:

Սակայն,դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նշեց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։

Դատարանը հայտնեց. «ՀՀ քրեական դատավարության 130-րդ հոդվածի համաձայն՝ սույն քրեական գործով դատաքննությունը վերսկսել»։

Դատարանը հայտնեց,որ պետք է որոշեն, թե ում են վստահում փորձաքննությունը,այդ անձինք պետք է գան դատարան, ճանաչվեն փորձագետ, փորձաքննությունը կատարվի, ինչից հետո էլ դատաքննությունը կշարունակվի։


Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև 3-ամյա ժամկետով զրկել բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից: Անի Բաբելյանի համար մեղադրողը պահանջել էր դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով և մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկել ևս 2 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ-համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում ազատվում պաշտոնից՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):