Հայաստանը միշտ էլ եղել է սիրիացի ժողովրդի կողքին. հավատում ենք, որ այդ ընթացքը կշարունակվի․ Ժիրայր Ռեիսյանը՝ ՀՀ նոր իշխանությունների մասին

21:01 • 04.06.18

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ սիրիահայության համար առաջին հերթին կարևոր է հայ ժողովրդի բարեկեցությունը: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր իշխանություններից նրա սպասելիքների մասին:

«Հայաստանի լավ վիճակը բնականաբար մեզ էլ է զորացնում»,- ասաց նա:

Թե ինչ սպասումներ կան ՀՀ-ից Սիրիայի հակամարտությունում ներգրավվածության առումով, նա նկատեց՝ Հայաստանը միշտ էլ եղել է սիրիացի ժողովրդի կողքին և համարվել է բարեկամ երկիր:

«Մենք հավատում ենք, որ այդ ընթացքը պետք է շարունակվի, կշարունակվի և հարաբերությունները կմնան ջերմ, և երբ այդ ջերմությունը կա, ինքնաբերաբար ամեն բան իր բնականոն և գոհացնող ընթացքի մեջ կմնա»,- ասաց նա:

Հիմա, Ժիրայր Ռեիսյանի խոսքով, Սիրիայում իրավիճակը բավականին լավ է, հույսերն էլ՝ դեպի դրականն են. ակնկալում են, որ այլևս արդեն արձանագրած հաղթանակներից հետո ամեն ինչ արդեն դրական կգնա:

«Սիրիական պատերազմն արդեն ավարտին է մոտենում: Ճիշտ է, դեռ ամեն ինչ բարեփոխված չէ, սակայն դեպի լավ ուղղությամբ է ընթանում»,- ասաց նա:

Իսկ թե արդյոք նոր կառավարությունը պետք է վերանայի՞ իր մոտեցումները՝ սիրիահայությանը՝ հայրենիքում պահելու համար պայմաններ ստեղծելու, սիրիահայերի, Հայաստանում ընդունելու հետ կապված, Սիրիայի խորհրդարանի պատգամավորը պատասխանեց. «Մեր բոլորի ցանկությունը, ձգտումը և պահանջն այն է, որ եթե որևէ մեկը պետք է դուրս գա Սիրիայից, ապա հիմնական ուղղությունը պետք է լինի Հայաստանը: Հավատում եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն ձգտում է այդ ուղղությամբ աշխատել: Անձերի փոփոխությունը ձգտումը չի փոխի: Յուրաքանչյուրն իր ոճով, իր ձևով կաշխատի»,- ասաց նա:

Դրա հետ մեկտեղ Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ հիմա հատկապես սիրիահայ համայնքը չի ցանկանում նոսրանալ, այս պահին երկրից դուրս գալու ցանկություն հայտնողներ չկան, դեռ հակառակը, շատերը վերադառնում են և ոչ միայն Հայաստանից, այլ նաև այլ վայրերից:

«Շատերն արդեն վերադարձել են: Իրենց կյանքն ու կիսատ գործն են շարունակում»,- ասաց նա:

Սիրիահայերն էլ, ըստ Ժիրայր Ռեիսյանի, մեծ ցանկություն ունեն, որ Հայաստանը հիմա ավելի զարգանա: «Հավատում ենք, որ թեկուզ դեմքեր են փոխվում, բայց հայության նկատմամբ մոտեցումները նույնը կլինեն: Այն, ինչը շահավետ է Հայաստանի, հայության համար, մեզ համար էլ շահավետ է»,- ասաց նա: