ԱԻՆ-ը կոռուպցիոն երկու դեպքի վերաբերյալ նյութեր է ուղարկել ԱԱԾ. Հրաչյա Ռոստոմյան

14:53 • 04.06.18

Արտակարգ  իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, նյութերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ կոռուպցիոն սխեմայի մասին է խոսքը և որ նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում է  եղել:

«Ասացի՝ այս պահի  դրությամբ երկու  դեպք է  արձանագրվել, գործը  ԱԱԾ-ում է, քննություն է ընթանում, ինձ ուրիշ  հարցեր  տվեք»,-ասաց նա:

Հրաչյա Ռոստոմյանը  նաև նշեց, որ  նախկին նախարար  Դավիթ Տոնոյանից   հիմնականում  լավ ժառանգություն է ստացել, իսկ խնդիրերն էլ  կապված  են  հակակարկտային և սեյսմիկ կայանների  վերազինման, արդիականացման հետ:

Նախարարը չհամաձայնեց  լրագրողների  դիտարկման հետ, թե  ԱԻՆ  կադրերն իրեն չեն  ընդունում, նրա  հետ չեն  ցանկանում աշխատել: Հրաչյա  Ռոստոմյանը  ընդգծեց նաև, որ  ինքնանպատակ կադրային  փոփոխություններ նախարարությունում չեն լինելու:

«Եթե մարդը բարի համբավ և աշխատելու ցանկություն ունի, բնականաբար շարունակելու ենք  միասին աշխատել»,-եզրափակեց նախարարը: