Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքը կքննվի հունիսի 15-ին.Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց (տեսանյութ)
13։40
Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվեց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 15-ին, երբ քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
13։28
Անդրանիկ Թևանյանն էլ մի քանի իրադարձային տեղեկություններ հայտնեց՝ ասելով, որ Բաբայանի գործով վճռաբեկ դիմում կա արդարացման պահանջով։ Բացի այդ ներկայացվել է նաև միջնորդություն խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով։
«Երկու պատգամավորների՝Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի կողմից երաշխավորմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան: Մեր ճնշումների արդյունքում, հուսով եմ՝ Վճռաբեկ դատարանը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննի հունիսի 15-ին»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա հավելեց, որ հունիսի 15-ին դատարանը հնարավորություն ունի կայացնելու մի որոշում, որը նրան հնարավորություն կտա հայտնվել նոր իրողության մեջ, իսկ վատագույն տարբերակը բացառվում է։
13:22
Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիան ուղղված չէ ՀՀ նոր իշխանության դեմ, սա քայլ է նոր իշխանությանն օգնելու համար։
Այս մասին Վճռաբեկ դատարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«Մեր քայլն ուղղված չէ նոր Հայաստանին, մեր քայլը հօգուտ Հայաստանի է, մենք պետք է ոչ թե պարտադրենք, այլ հասկացնենք, որ այսպես չի կարելի։ Մեր հերոսները դրսում են լինելու, որովհետև ինչ-որ մարդկանց կամքով են հայտնվել ճաղերի հետևում, իսկ այդ մարդիկ այլևս չկան»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը։
Ավարտելով խոսքը՝ նա ասաց, որ շուտով դիմավորելու են հերոսներին։
Սամվել Բաբայանի մեկ այլ աջակից՝ Երվանդ Բոզոյանն էլ ասաց, որ դատական համակարգը պետք է փոխվի։ Նրա խոսքով՝ դատավորները շանս ունեն օբյեկտիվ որոշում կայացնել և երես չթեքել նոր Հայաստանից։
Սփյուռքում և Արցախում սկսվել են ստորագրահավաքներ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների։
13:00
Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, «Իգլա»-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները:
Վճռաբեկ դատարան Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ: Ցուցարարները պահանջում են անհապաղ նիստ նշանակել և ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Նշենք, որ ՀՀ ԱԺ երկու պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն է ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Բացի այդ, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Սամվել Բաբայանին արդարացնելու պահանջով: Պաշտպանը նշում է, որ հանցակազմը բացակայում է:
Նշենք, որ ամբաստանյալները դիմել էին նաև Վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկու ամբաստանյալի՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները թողեց օրինական ուժի մեջ։
Այնուհետև վճռաբեկ բողոք են ներկայացրել Սամվել Բաբայանից բացի նաև ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Նրանք ևս պահանջում են արդարացնել իրենց:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, մյուսները՝ 2-ական տարի ազատազրկման, և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է փորձաշրջան:










