Ադրբեջանի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել «Ազատություն» ռադիոկայանի և այլ ընդդիմադիր կայքերի արգելափակման մասին որոշումը

15:44 • 04.06.18

Ադրբեջանի գերագույն դատարանն այսօր քննել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության՝ azadliq.org, «Ազատություն» թերթի՝ azadliq.info, ինչպես նաև արտասահմանից հեռարձակող TuranTV-ի և «Azərbaycan saatı» ծրագրի կայքերի արգելափակման մասին վճռաբեկ բողոքը: Դատարանը մերժել է բողոքը և ուժի մեջ է թողել Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը, հայտնում է contact.az-ը:

Կայքը հիշեցնում է, որ 2017 թվականի մարտին Ադրբեջանում արգելափակվել են մի շարք ընդդիմադիր և անկախ ռեսուրսների կայքեր:

2017 թվականի մայիսի 12-ին Սաբաիլի շրջանային դատարանն իր որոշմամբ հաստատել է azadliq.org, azadliq.info, Meydan.TV, Turan.TV և azerbaycansaati.tv կայքերի արգելափակումը, 2017 թվականի դեկտեմբերին Բաքվի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել այդ որոշումը:

Դատական նիստի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ներկայացուցիչ Ադիլ Իսմայիլովը դատարանի որոշումն անօրինական է անվանել և կոչ է արել չեղարկել ստորին ատյանների որոշումները: