Գերմանիայում կոչ են արել Ռուսաստանը G8-ի կազմ վերադարձնել

12:42 • 04.06.18

Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, Ձախերի կուսակցության խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանը վերադարձնել «Մեծ ութնյակ»-ի կազմ՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի շահերի:

«Մենք Ռուսաստանին բացառեցինք «Մեծ ութնյակ»-ից, և հիմա խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները վարում է մյուս անդամ պետությունների համար անցանկալի քաղաքականություն»,-պատգամավորի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ միայն Ռուսաստանի ներկայության դեպքում հնարավոր կլինի ապահովել անվտանգությունը Եվրոպայում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հեռացվել է G8-ից 2014թ.՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Այժմ միությունը կոչվում է G7. դրան անդամակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան: