Իրաքը սկսել է Քիրքուքից Իրան նավթի արտահանումը
Իրաքը սկսել է Քիրքուքից նավթ արտահանել Իրան, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ջիհադի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ իրաքյան Քիրքուքից Իրան նավթի փոխադրումը երկու երկրների նավթի նախարարությունների միջև ավելի վաղ կնքված համաձայնության մաս է կազում։
Տվյալ համաձայնագիրը նախատեսում է օրական 30.000-60.000 բարել նավթի փոխադրում։ Հումքն իրանական Քերմանշահի նավթավերամշակման գործարան կհասցվի ավտոցիստեռններով։
Ջիհադը նաև նշել է, որ իրենք մտադիր են ապագայում հասնել մինչև օրական 250.000 բարել նավթի մատակարարման ծավալների։
Դեռևս փետրվարին Քիրքուքի նահանգապետարանի Էներգիայի և նավթի հարցերով հանձնաժողովի անդամ Ահմեդ Ասքերին նշել էր, որ նավթի արդյունահանման ծավալներն էականորեն նվազել են, ինչի հետևանքով այն բավարարում է միայն ներքին՝ իրաքյան շուկայի համար:
Միևնույն ժամանակ, իրաք-իրանյան առևտրի պալատի նախագահ Համիդ Հուսեինը պնդել էր, որ ստեղծված իրավիճակի պատճառով կանգնեցվել է նաև դեպի Իրան նավթի արտահանումը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը նախաձեռնել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:










