Կրասնոյարսկում ահաբեկիչներ հավաքագրելու համար կասկածվող 11 մարդ է ձերբակալվել
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում 11 մարդ է ձերբակալվել, որոնք քարոզչական հնարքներով իրենց շարքերն են ներքաշել մարդկանց՝ հետագայում կազմակերպելով նրանց փոխադրումը Սիրիա և Աֆղանստան՝ այնտեղ կռվող ահաբեկչական խմբավորումներին միանալու համար։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության երկրամասային վարչությանը, խմբի առաջնորդը հեռախոսի միջոցով կապ է հաստատել արտասահմանում գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորման անդամների հետ։ Նա ահաբեկչամետ քարոզչություն է իրականացրել իր հայրենակիցների շրջանում, նաև օգնել նրանց փոխադրել ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքներ։
Նշվում է, որ կասկածյալներն ահաբեկչամետ քարոզչություն են իրականացրել տարբեր տեսանյութերի միջոցով՝ ցուցադրելով դրանք տարբեր բնակավայրերի տարածքում, ինչպես նաև հասարակական վայրերում՝ ինչպես սննդի կետերը։ Խուզարկությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է նաև արգելված կրոնական գրականություն։










