Ոստիկանությունում այսօր չկան կոռուպցիոն տարրեր. Վ. Օսիպյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին (տեսանյութ)
Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տնօրենի այն հայտարարությանը, թե ոստիկանությունն այն ավանդական կառույցներից է, որտեղ կոռուպցիա է եղել:
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ կարող են պատասխանատվության ենթարկվել:
«Նախկինում եղել են ստորաբաժանումներ, որոնք կապ են ունեցել կոռուպցիայի հետ, բայց, որ ասեմ ոստիկանությունում տարածված է եղել նման երևույթ, դա էլ ճիշտ չի լինի: Դրանք հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք առնչվում են քաղաքացիների հետ, հիմնականում ՃՈ-ն է»,- ասաց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կլինեն ոստիկանության չարաշահումների մասին բացահայտումները, որոնք կատարվել են նախկին իշխանության օրոք, Օսիպյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե նախկին ոստիկանապետի ժամանակ ինչպես է եղել: Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության տակ, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա»:
Հարցին՝ կոռուպցիոն դեպքերն անհատակա՞ն են, թե՞ սխեմաներ կան, ոստիկանապետը պատասխանեց, թե իրենք տիրապետում են իրավիճակին, ավելին՝ ունեն որոշակի դրվագներ, որոնց բացահայտումը դեռևս ընթացքի մեջ է:
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև Մասիսի քաղաքապետի գործողություներին և ազատ արձակմանը: Նա նշեց, որ ոստիկանությունն ու Քննչական մարմիններն իրենց գործը կատարել են: Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանի ազատ արձակմանը՝ Արթուր Օսիպյանը նշեց, թե հարցի հասցեատերն ինքը չէ և հորդորեց հարցերն ուղղել դատարանին:
ՀՀ ոստիկանապետը նար անդրադարձավ ոստիկանների աշխատավարձը բարձրացման հարցին՝ ասելով, որ այդ նպատակով գործադիրում վարչապետի հետ քննարկում է եղել: «Հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի: Գործադիրում քննարկել ենք այն անձանց հետ, ովքեր լիազորված են»,- տեղեկացրեց նա:
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ոստիկանության ծառայողների թիվը կարող է կրճատվել: «Թվի կրճատում, անշուշտ, լինելու է, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ ոստիկանապետություն է եղել: Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որոնց ոստիկանների թիվը գերազանցում է»,-շեշտեց Վալերիյ Օսիպյանը:










