Լինելու են տուգանքների նվազեցում, արագաչափերի վերանայում. Վ. Օսիպյան

15:54 • 04.06.18

ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացրեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով խորհրդարանականներին ներկայացրեց, որ իրենց հատկացված գումարների հաշվին նախատեսված ծրագրերը 98 տոկոսով կատարվել են:

«2017-ին հանցագործությունների թիվն աճել է 8.1 տոկոսով կամ 1520 դեպքով, սա պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքերի աճով:

Հանցագործների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները բարելավվել են, իսկ առանձնապես ծանր, ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Նվազել են սպանությունները, բնակարանային գողությունները: Ապօրինի զենքերի հայտնաբերման թիվն աճել է, իսկ հրազենով հանցագործությունների թիվը նվազել է»,- ներկայացրեց Վալերիյ Օսիպյանը:

Վերջինիս հարցեր ուներ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը կարծում է, որ տարիներ շարունակ ճանապարհատրանսպորտային խախտումները ֆիքսող արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը: Ըստ նրա՝ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով որոշ անձիք հարստացել են՝ դառնալով մուլտի-միլիարդատերեր: Զոհրաբյանի կարծիքով՝ այս հարցում իր հետ համակարծիք են ՀՀ քաղաքացիները:

«Ձեր գնահատականը կուզենայի, ի՞նչ է արվելու, կվերանայվի՞ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների պրակտիկան: Սա շատ ցավոտ հարց է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց տները բանկերում գրավադրվել են միայն այն պատճառով, որ տարբեր թփերի տակ տեղադրված են եղել արագաչափեր՝ ընդամենը մեկ նպատակով՝ ոչ թե երթևեկության անվտանգություն ապահովելու, այլ թալանելու: Սա զուտ պարզ, պրիմիտիվ ջեպկիրություն է»,- ասաց նա՝ հարցնելով, թե արդյոք տուգանքները նվազելո՞ւ են:

Ի պատասխան պատգամավորի հարցադրումների՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ այս հարցի պատասխանը հանրության մեծ մասին հետաքրքրում է, սակայն նշեց, թե այլ մանրամասներ այս պահին չի ներկայացնի:

«Մենք առաջարկություններ ունենք՝ ներկայացնելու կառավարությանը՝ ուսումնասիրելով միջազգային պրակտիկան: Բայց ասեմ, որ, այո՛, լինելու են տուգանքների նվազեցում, արագաչափերի վերանայում: Արդյո՞ք արագաչափերը պետք է մնան, շարժական արագաչափեր լինե՞ն, թե՞ ոչ: Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, բողոքների մեծ մասը վերաբերում է տեսանկարահանող սարքերին, բայց դա չի նշանակում, որ մենք արագաչափերի հարցը չենք վերանայելու: Մեկ ամսվա ընթացքում այդ առաջարկները կներկայացնենք կառավարությանը», -եզրափակեց Վալերիյ Օսիպյանը:

ՀեղինակԱնի Օհանյան