Եկատերինբուրգում երթուղայինի վարորդն ու տոմսավաճառն առևանգել են ուղևորին և տարել անհայտ ուղղությամբ (տեսանյութ)
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում քաղաքային տրանսպորտում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով ու ուղևորներից մեկի առևանգմամբ, գրում է Ura.Ru-ն՝ հղում անելով ականատեսներից մեկին։
Ականատեսի խոսքով՝ 19 համարի երթուղայինի վարորդը հինգ րոպե շարունակ կանգնել է կանգառում ու չի փակել դռները՝ սպասելով ուղևորների։ Ներսում գտնվող կանանցից մեկը դժգոհել է այս իրավիճակից, ինչին ի պատասխան կնոջը հարվածել է տոմսավաճառը։ Տուժած կնոջը փորձել է պաշտպանել տղամարդկանցից մեկը, ինչից հետո լուրջ վեճ է սկսվել նրա ու տոմսավաճառի միջև։
Այնուհետև սրահ է մտել վարորդն ու հայտարարել, որ տոմսավաճառն իր որդին է, և նրա հետ վիճած տղամարդը պետք է պատասխան տա դրա համար։ Ականատեսի պնդմամբ՝ նրանք զանգ են կատարել, ինչից հետո ավտոբուսին են մոտեցել ևս երկու երիտասարդ, որոնք արտաքնապես նման են եղել տոմսավաճառին։
«Վարորդն ավտոբուսից վռնդեց բոլոր ուղևորներին, իսկ այդ տղամարդուն բռնի ուժով պահում էին ներսում և թույլ չէին տալիս դուրս գալ», - պատմել է լրատվամիջոցի զրուցակիցը, ում խոսքով՝ այնուհետ վարորդը տղամարդուն տարել է անհայտ ուղղությամբ, և այժմ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Ականատեսը դիմել է ոստիկանություն ու իրավապահներին ներկայացրել իր տեսանկարահանած նյութը։










