ՀՀԿ-ն Ընտրական նոր օրենսգրքի քննարկումներին պրոֆեսիոնալ, պատկառելի կազմով հանդես կգա. Է. Շարմազանով
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ստեղծվելիք աշխատանքային հանձնաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել նաև ՀՀԿ-ին:
«Մենք պատրաստ ենք քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծը, լսել առաջարկներ, ներկայացնել առաջարկներ: Մենք բացառապես երկխոսության ու դեբատների կողմնակից քաղաքական ուժ ենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ ամեն խմբակցությունից 2 հոգի է մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Շարմազանովն ասաց, որ որոշել են, թե ովքեր են լինելու իրենց ներկայացուցիչները, բայց չցանկացավ հրապարակել անուններ:
«Կլինեն նրանք, ովքեր մասնագիտացված են ԸՕ բարեփոխման մեջ: Մենք պրոֆեսիոնալ, պատկառելի կազմով հանդես կգանք»,-ավելացրեց ՀՀԿ խոսնակը:
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ, ով եղել է նախորդ Ընտրական օրենսգրքի մշակողներից մեկը, Tert.am-ին ասաց, որ ինքն անձամբ կընդունի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկը, եթե կուսակցության նման որոշում լինի:
«Եթե որոշում լինի, որ ես պետք է ներկայացվեմ, ապա կընդունեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:










