Թբիլիսիում բողոքի ակցիաների մասնակիցները մտադիր են կառավարության հրաժարականին հասնել. «РИА Новости»
Թբիլիսիի կենտրոնում անցկացվող «անարդարության դեմ» բողոքի ցույցերի չորրորդ օրն ավարտվել է երեկ, սակայն ցուցարարները, որոնց թվում կան նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, մտադիր են հաջորդ քայլերն անել գլխավոր նպատակին՝ կառավարության հրաժարականին հասնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հայտարարել են, որ երկուշաբթի՝ հունիսի 4-ին, ակցիայի կազմակերպիչներից Զազա Սալարիձեն ընդդիմադիր առաջնորդների հետ միասին պետք է հանդիպի վարչապետի հետ և երկխոսություն սկսի կառավարության հրաժարականի վերաբերյալ:
Կազմակերպիչները հայտնում են, որ եթե վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվի հանդիպում անցկացնել, հաջորդ կիրակի նրանք ավելի մասշտաբային հավաք կկազմակերպեն, իսկ մինչ այդ շարունակվելու են ամենօրյա ավելի քիչ զանգվածային բողոքի ակցիաները:
Կվիրիկաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ իշխող կուսակցության առաջ նոր մարտահրավեր է կանգնած՝ պատասխանել այն բոլոր մարդկանց հարցերին, որոնց մոտ անարդարության զգացում է առաջացել: Նա նաև նշել է, որ «կոնկրետ արմատական խմբերը ցանկանում են անկայունություն ստեղծել և ներկայացնում են բոլորովին ոչ համաչափ քաղաքական պահանջներ, սակայն իշխանությունները թույլ չեն տա ապակայունացում»:
Վարչապետը հավելել է, որ մոտ օրերս կկայանա խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի բողոքի ակցիաների պատճառ դարձած դեռահասի սպանության գործի հետաքննության հանձնաժողովի կազմը: ՆԳՆ-ն արդեն անցել է գործի նոր հետաքննության: Դրան ակտիվ մասնակցելու է երկրի օմբուդսմեն Նինո Լոմջարիան:
Հիշեցնենք, որ ցույցերի առաջին օրը, բողոքների ֆոնին, հրաժարական է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Բողոքի ցույցերի կազմակերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռահասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունն օբյեկտիվորեն չի հետաքննում այդ գործը և պաշտպանում է միջադեպի մասնակիցներից մեկին՝ գերատեսչության նախկին աշխատակցի որդուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել է մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքը փոխել կանխամտածված սպանության փորձի: Դատարանի այդ որոշումն էլ դարձել էր սպանված դպրոցականի հոր և մյուսների զայրույթի պատճառը:










