Եթե հանկարծ պարզվի, որ որևիցե տեղ հանված չէ ԱՁ-ներով աշխատելը, ապա դա կլինի խնդիր, ինչպես խնդիր եղավ 1 շաբաթ առաջ. վարչապետի մամուլի քարտուղար

12:18 • 04.06.18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու որևէ գործարարի միջև որևէ ստվերային պայմանավորվածություն նախկինի նման ԱՁ-ներով աշխատելու մասին չի եղել: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ «Երևան սիթի» խանութների ցանցում ԱՁ-ներով աշխատելու վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներից հետո, նախ, սուպերմարկետներում եղան գյուղմթերքի էական թանկացումներ, (հունիսի 1-ին Փաշինյանին ուղղված նամակում էլ առաջարկվում էր  ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում) , ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաբինետի մի քանի նախարարներ կոչ արեցին բոյկոտել, իրենց  ձևակերպմամբ «կոռուպցիոներիների ու թալանչիների» սուպերմարկետները, ապա 5 սուպերմարկետներ հայտարարություն տարածեցին նախկին գներին վերադառնալու վերաբերյալ, ինչն էլ ուղեկցվեց սոցիալական ցանցերում ու որոշ կայքերում տարբեր ոչ պաշտոնական մեկնաբանություններով, թե սրա գինը եղել է նախկին՝ ԱՁ-ների համակարգով աշխատելը:

«Առավոտ» օրաթերթն էլ գրել էր, որ միակ տարբերությունն այն է, որ նախկինի պես 2 տոկոս հարկ վճարելով աշխատելու փոխարեն, հիմա աշխատելու են 5 տոկոսով:

Նշենք, որ այս լուրերը դեռ չեն հերքվել և կամ հաստատվել. Միայն ՊԵԿ-ն է պարզաբանել, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա:

Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ դաշտում:

«Սխալ են գրում որոշ կայքեր, որևէ ստվերային պայմանավորվածություն վարչապետի և որևէ բիզնեսմենի միջև գոյություն չունի: Այսինքն՝ ամեն ինչ այնպես է, ինչպես հայտարարել է վարչապետը, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,-հայտարարեց Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ սուպերմարկետներն իրենց որոշումը բացատրել էին հետևյալ կերպ.  «Մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Այդ դեպքում, ինչո՞ւ սուպերմարկետները վերադարձան նախկին գներին: Այս մասին հարցին ի պատասխան՝ Արման Եղոյանը ասաց. «Չեմ կարող գործարարների փոխարեն ասել՝ ինչու վերադարձան նախկին գներին, բայց, միանշանակ կարող եմ ասել, որ վարչապետի ու իրենց միջև որևէ ստվերային պայմանավորվածություն կամ հետքայլ իր հայտարարածից չի եղել և չի էլ կարող լինել»:

Ճշգրտող հարցին էլ՝  թե  քանի որ համառորեն շարունակվում են լուրեր շրջանառվել, որ սուպերմարկետների համար գործելու է նախկին կարգը, և, հետևաբար, կարելի՞ է ասել, որ  ԱՁ-ների մեխանիզմն այլևս հանված է, վարչապետի մամուլի խոսնակն ասաց.«Եթե հանկարծ պարզվի, որ որևիցե տեղ հանված չէ, ապա դա կլինի խնդիր, ինչպես որ խնդիր դարձավ մեկ շաբաթ առաջ:

Նորից եմ ասում՝ խոսում եմ վարչապետի անունից ու փոխարեն, բայց ես չգիտեմ՝ գործարարներն ի՞նչ են անում տեղերում, ով հանել է, քանի հատն է հանել, քանի հատն է փորձում թաքցնել կամ ինչ:  Եվ էլի կրկնեմ՝ իրենց և վարչապետի միջև որևէ պայմանավորվածություն, այն բնույթի, ինչի մասին գրվել էր, չի եղել»: