Կառավարությունն ուշադրությունը չպետք է սևեռի միայն ներմուծման և առևտրի ոլորտների վրա, այլ խնդրահարույց ոլորտներ կան. Բաբկեն Թունյան

16:24 • 05.06.18

Տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր Բաբկեն Թունյանը դժվարանում է ասել, թե ինչու է նախկին կառավարության՝ հարկային դաշտում թույլ տված անօրինականությունների բացահայտմանը լծվել ԱԱԾ-ն: Միևնույն ժամանակ նա «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները» թեմայով քննարկման ժամանակ չբացառեց, որ պատճառը կարող է լինել չարաշահումների մասշտաբները, որոնց չափն այնքան է, որը սպառնում էին պետության անվտանգությանը:

«Ինչ վերաբերում է համակարգված գործունեությանը, ասեմ, որ այս պահին 2 մեծ թեմա է բացահայտված՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» և «Երևան սիթիները» հետ կապված: Բայց, մեծ հաշվով, սրանք այնքան էլ բացահայտումներ չէին, քանի որ բոլորը գիտեին սրա մասին, հնարավոր է՝ ծավալները չէին պատկերացնում, բայց մեխանիզմները բոլորին էին հայտնի: Այսինքն՝ Կառավարությունը պետք է գործիքակազմն ընդլայնի ու մտնի բոլոր ոլորտներ: Բացահայտումն իմ համար կլինի այն, որ մենք տեսնենք բաներ, որոնց մասին չգիտեինք, քանի որ համոզված եմ, որ շատ բաներ է հնարավոր գտել»,- ասաց նա:

Թունյանի կարծիքով՝ ուշադրությունը պետք է սևեռել ոչ միայն ներմուծման և առևտրի ոլորտների վրա, քանի որ գտնում է, որ մի շարք այլ խնդրահարույց ոլորտներ էլ կան: Որպես խնդրահարույց ոլորտ, օրինակ, բերեց պետական գնումների ոլորտը և հույս հայտնեց, որ հետագայում կզբաղվեն այս ոլորտով: Տնտեսագետի համար կարևոր է ստուգումներ իրականացնելիս խտրականության բացառումը:

«Պետք է ստուգումներ չլինել միայն Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում, որը ՀՀԿ-ից, այլ բոլոր ընկերություններում նույն խստությամբ պետք է ստուգում լինի, անկախ նրանից, թե որ քաղաքական թևն է ներկայացնում կամ չի ներկայացնում: Սա կարևոր է նրանով, որ մաքրվեն ոչ միայն կոռուպցիոն, ստվերային մեխանիզմները,  այլ որպեսզի ունենանք տնտեսության իրական պատկեր: Տեսեք՝ քննադատություններ կան, որ Կառավարության ծրագրում կոնկրետություն չկա, որի հետ ես համակարծիք եմ, միևնույն ժամանակ, որպեսզի իմանաս, թե մի քանի ամիս հետո քո տնտեսությունն ուր է գնում, ինչ մասշտաբ կարող է ունենալ, պետք է իմանաս, թե ներկայումս ինչ ունես»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է սուպերմարկետներում գյուղմթերքի գների բարձրացման ու իջեցմանը և առաջացած տարակարծությանը, Բաբկեն Թունյանն ասաց.«Եթե այսօր սուպերմարկետներն աշխատում են ԱԱՀ-ով ու իրենք այնքան ռեսուրս ունեն, որ գները կարող էին իջեցնել, նշանակում է, որ  իրենք այսքան ժամանակ աշխատել են գերշահույթով, հետևաբար, ՏՄՊՊՀ-ն ահագին գործ ունի անելու: Անկախ ամեն ինչից պատիժը պետք է լինի ողջամտության սահմաններում, որովհետև, եթե  տնտեսվարողի նկատմամբ այնպիսի տուգանք լինի, որը նրան կտանի սնանկացման, ապա բիզնեսն էլ կփակվի, պետության մուտքերն էլ կփակվեն, գործազրկություն էլ կավելանա»:

 

ՀեղինակԱնի Օհանյան