Տեղյակ չեմ՝ Արմավիրի և Սյունիքի մարզպետները «Ծառուկյան» դաշինքի քվոտայո՞վ են նշանակվելու, թե՞ ոչ, բանակցողը Ծառուկյանն է. Ս. Բագրատյան
Ես տեղյակ չեմ, որ Արմավիրի և Սյունիքի մարզպետները նշանակվելու են «Ծառուկյան» դաշինքի քվոտայով, որ տեղյակ լինեի, կկիսվեի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա հիշեցրեց, որ մարզպետների վերաբերյալ բանակցությունները վարչապետի հետ վարում է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մեր քաղաքական ուժը բոլոր մարզերում ունի կուսակցականներ, որոնցից շատերը կարող են պաշտոնավարել այդ պաշտոնում։ Եթե հստակ որոշում կայացվի, որ այդ պորտֆելները պետք է հատկացվեն դաշինքին, բնականաբար համապատասխան մասնագետներ կներգրավվեն և քննարկման արդյունքում կորոշվի, թե ով պետք է ստանձնի մարզպետի պարտականությունները»,-շեշտեց պատգամավորը։
Սերգեյ Բագրատյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն տվյալ մարզերում վերահսկողության հետ, ռեսուրսների հետ կապված խնդիր չի կարող ունենալ։
Նշենք, որ դաշինքի մյուս պատգամավորները ևս հարցազրույցների ժամանակ ընդգծում են, որ մարզպետների նշանակման հետ կապված տեղեկություններ չունեն, քանի որ բանակցությունները վարում է Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ՌԴ-ում Գագիկ Ծառուկյանն ի՞նչ օրակարգով է հանդիպում ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ և կոնկրետ ո՞ր պաշտոնյաներին է հանդիպել Սերգեյ Բագրատյանն ասաց․
«Տեղեկացված չեմ, թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, գիտեմ միայն, որ Մոսկվայում է»,-եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։










