Որոշվել են Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման ժամկետները

19:58 • 05.06.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են գտնվում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:

«Կարող եմ ասել ձեզ նախնական գրաֆիկը. առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի 12-ին՝ սինգապուրյան ժամանակով առավոտյան 9-ին (երևանյան՝ 05:00)», - ասել է Սանդերսը:

Միևնույն ժամանակ Սանդերսը հրաժարվել է լրագրողներին հայտնել Կիմ Չեն Ընի՝ ԱՄՆ նախագահին գրած նամակի բովանդակությունը, որի մասին հայտնի էր դարձել օրեր առաջ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի պատրաստվում վերացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Նրա խոսքով՝ սահմանափակումներն այնքան ժամանակ կգործեն, քանի դեռ տեղի չի ունեցել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սինգապուրում Կիմ Չեն Ընի բնակության ծախսերը հոգալու է հյուրընկալող կողմը: