Պաշտպանել եմ ՀԺ-ին, Նիկոլ Փաշինյանին, Վարդան Օսկանյանին, Վլադիմիր Գասպարյանին, Դավիթ Համբարձումյանին և բոլորի համար հպարտ եմ. Տ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տարբեր ժամանակներում եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի, Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շահերի պաշտպանը և բոլորի համար էլ հպարտ է: Ինքը փաստաբան է, պաշտպանել է անգամ մարդասպանի, և սպանվածի հայրն իր նկատմամբ հարգալից է եղել:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում ասաց ապրիլի 22-ին Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներից Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատմանը մեծապես նպաստած փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ նրա հասցեին սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորական գրառումներ են սկսել հնչել, երբ ոչ միայն հայտնի դարձավ, որ նա է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանը, այլև երբ գրառեց.« Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ իմ գրասենյակում»:
Աթանեսյանն ուներ նաև մեկ այլ գրառում. «Այսօր որպես փաստաբան և քաղաքացի հպարտ եմ իմ և իմ գործընկերների աշխատանքի համար։ Մենք ընտանիք վերադարձրինք 4 հայորդու, ում մեղավորության մասին կար զրո ապացույց։ Գիտեմ, որ շատերդ դրա վրա թքած ունեք և արյուն եք պահանջում, ընդ որում՝ մարդկանց, ում չեք էլ ճանաչում, բայց որոշել եք, որ իրենք ջարդարար են և ձեր բոլոր խնդիրների պատճառն են։ Խոսքս, իհարկե, մի որոշակի մաս մարդկանց մասին է, ես վստահ եմ, որ վճռորոշ հատվածը ադեկվատ է և տրամաբանական»:
Ավելին, «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մարդկանց այնքան էր զայրացրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին, որ նրա և ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոտերը» ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին:
Տիգրան Աթանեսյանը նաև հավելեց, որ իր շատ պաշտպանյալներ են այցելել իր գրասենյակ, և որ ինքը ազատ մարդ է ու չի ապրում հարկատուների հաշվին:
«Ես անում եմ այն, ինչ ուզում եմ՝ իմ խղճի ու օրենքի սահմանում: Այո՛, իմ պաշտպանյալը եկել ու նկարվել է, և նորից եմ ասում՝ շատ լավ մարդ է»,- ավելացրեց փաստաբանը՝ կրկին ընդգծելով, որ նա լավ հայորդի և լավ քաղաքապետ է: Ըստ Աթանեսյանի՝ ում դուրը դա գալիս է, գալիս է, ումը ոչ՝ իր գործն է:
Աթանեսյանը նկատեց նաև, որ ոմանք հեղափոխության էյֆորիայի ֆոնին կորցրել են տակտի զգացողությունը:
Այն հարցի հետ կապված, թե ինչպես կարող է Աթանեսյանը պաշտպանել մի մարդու, որը, ըստ առկա տեսանյութերի, հենց ինքը բացում է Գազելի դուռը, մարդկանց համոզում է, որ չգնան, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց. «Դա ինքը չէ: Բարձր գոռա՞մ՝ դա ինքը չէ»:
Ավելին՝ Տիգրան Աթանեսյանը նշում է, թե մարդկանց մոտ կա տպավորություն, որ ինքը պաշտպանել է էրեբունու ջարդարարներին: Փաստաբանն ավելացրեց՝ «ղալաթ են արել, գտե՛ք, ներկայացրե՛ք, ենթարկե՛ք պատասխանատվության: Դա սրիկայություն է, ինչ տեղի է ունեցել Էրեբունի փողոցում»:
Հիշեցնենք, որ մինչ նախաքննության ավարտն ու դատարանի վճիռը Դատախազությունը ժամանակավորապես դադարեցրել է Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի պաշտոնավարումը, քանի որ, ըստ դատախազության, «բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրիլի 22-ին էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Համբարձումյանը, ինչպես նաև նրա տեղակալը, պաշտոնում մնալով, կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը»:
Հարցին, թե ինչ կասի՝ որպես Համբարձումյանի փաստաբան, Տիգրան Աթանեսյանը հայտարարեց. «Ես ոչ թե որպես փաստաբան, այլ որպես իրավաբան կասեմ, որ 37 թվից էս կողմ չեն զարգացել: Եվ բոլոր դեպքերում էլ, բոլոր քաղաքական հետապնդումների, բոլոր անհիմն մեղադրանքների, Դատախազությունը միշտ էլ ասել է, որ իրենք ունեն բավարար հիմքեր»:
Ինչու է Տիգրան Աթանեսյանը հայհոյում օգտատերերին ու ջնջում հակառակ կարծիք ունեցողների գրառումները: Այս հարցին ի պատասխան՝ Տիգրան Աթանեսյանն ասաց.« Նախ, հարց տվողները թող իրենց Մայր Թերեզայի տեղը չդնեն», ապա ավելացրեց, որ կրակը չի ընկել, որ Սթիվ Ջոբսը ստեղծել է սմարթֆոն ու տվել նման մարդկանց ձեռքը:
«Պարոնա՛յք, մի քիչ հետևե՛ք ձեր դաստիարակությանը. հայհոյանքս եղել է հայհոյանքին ի պատասխան»,- ասաց փաստաբանը: Ավելին՝ նա համոզված է, որ իր վրա եղել է պրոֆեսիոնալ կազմակերպված ֆեյքային հարձակում. ջնջել են իրենց հայհոյանքը, թողել Աթանեսյանի հայհոյանքները:
Ինչ վերաբերում է կոնկրետ Դատախազության այսօրվա որոշմանը, ապա Աթանեսյանը դրան հասցրել է ծանոթանալ և ասում է, որ այն իրավական առումով կատարելապես սնանկ է:
«Որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը չի կարգավորում աշխատանքային հարաբերությունները, էլ չեմ ասում՝ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնելու և լիազորությունները դադարեցնելու կարգը: Այդ որոշումը, եթե ինձ լսեն, չի կատարվի, ուղղակի կպատասխանվի, որ «երեխեք ջան, դուք մնացել եք նախորդ դարում, և այդ 152-րդ հոդվածը (որին հղում է արվում) այն է, ինչ իրավունքի տեսության մեջ կոչվում են մեռյալ նորմեր: Այսինքն՝ ինքը ձևականորեն կա, բայց ինքը մեռյալ է»:
Տիգրան Աթանեսյանը նաև մեկնաբանեց, որ «քաղաքապետին պաշտոնից ազատող գոյություն չունի» (քաղաքապետն ընտրովի պաշտոն է), բացառությամբ, եթե կան ինչ-ինչ դեպքեր, դա կարող է իրականացնել Կառավարությունը:
Նշենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այսօր հայտարարել էր, որ Աթանեսյանի ներդրումը Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու հարցում այնքան էլ մեծ չէ, որքան Աթանեսյանն իրեն է վերագրում, քանի որ քննիչը միտումնավոր ոչ բավարար հիմքեր է առաջ քաշել:
Ի պատասխան՝ Տիգրան Աթանեսյանն արձագանքեց բարձրաձայն ծիծաղով, ապա ասաց, որ Արթուր Սաքունցը թող գնա, իր գործով զբաղվի, ու որ նրան մեկնաբանելու ցանկություն չունի, քանի որ «ինչ ունեին, տարել են»:
Հարցին, թե ինչու չեն ազատում մեկ տոնածառի համար արդեն տարիներ շարունակ բանտում գտնվող Գևորգ Սաֆարյանին, փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ հին հռոմեական պլեբսի տրիբուն չէ, որ Սենատում ելույթ ունենա ու բոլոր հարցերին պատասխանի: Միայն ասաց. «Գևորգ Սաֆարյանն ունի փայլուն փաստաբաններ»:
Աթանեսյանը հավելեց, որ որպես փաստաբան ինքը շատ ու շատ մանրամասների չի տիրապետում, բայց որպես քաղաքացի ունի դժգոհություններ Սաֆարյանին անազատության մեջ պահելու կապակցությամբ, քանի որ «մարդը տոնածառ էր տանում, կործանեցին կյանքը»:










