Բելգիայում 13 մարդ է ձերբակալվել թենիսիստներին կաշառելու գործով. գործել է հայ-բելգիական հանցավոր խումբ

12:55 • 05.06.18

Բելգիայի իշխանությունները 13 մարդու են ձերբակալել պրոֆեսիոնալ թենիսի ոլորտում խաղերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հետաքննության շրջանակում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը:

Բելգիայի և Հայաստանի հետ կապված հանցավոր խումբը կաշառք է տվել պրոֆեսիոնալ թենիսիստներին 2014 թվականից ի վեր խաղերի արդյունքներ դասավորելու համար՝ թույլ տալով հանցագործներին օգուտ ստանալ խաղադրույքներ կատարելու միջոցով:

Դասավորված խաղերը սովորաբար տեղի էին ունենում ցածր վարկանիշով և հազվադեպ հեռարձակվող մրցաշարերի ժամանակ, օրինակ՝ ITF Futures և ATP Challenger մրցաշարերի, որտեղ համեմատաբար ավելի հեշտ էր մարզիկներին կաշառել:

Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 21 գործողություն, մեծ մասը՝ Բրյուսելում:

Քննիչների վարկածով՝ հայ-բելգիական հանցավոր խումբը տվյալ գործողություններն իրականացրել է 2014 թվականից սկսած:

Հետաքննության ընթացքում բելգիացի քննիչները համագործակցել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Նիդեռլանդներից և Միացյալ Նահանգներից իրենց գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բելգիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելգիայում 48 մարդ է ձերբակալվել Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Challenger շարքի մրցաշարի հանդիպումների հետ կապված խաղադրույքների վերաբերյալ խարդախությունների կասկածանքով: Հաղորդվում էր, որ խարդախության հետևում հայեր են կանգնած: ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածները քրեական համայնքի հուշումներով բուքմեյքերական կետերում խաղադրույքներ են կատարել հանդիպումների վերաբերյալ, որոնց արդյունքները նրանց նախօրոք հայտնի է եղել: