Թուրքիան այստեղից ոչ ոքի չի ստանա․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ իրենց երկրում ապաստանած թուրք զինվորականների մասին

20:07 • 05.06.18

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան չի կարողանա իրենցից ստանալ 8 բարձրաստիճան թուրք զինվորականներին, որոնք երկրից փախել են ռազմական հեղաշրջման փորձից հետո և այժմ գտնվում են Հունաստանի տարածքում։ Այս մասին հույն նախարարը խոսել է հունական պետական ERT հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք, որ օրերս Հունաստան փախած թուրք զինվորականներից 4-ը հունական դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Մինչ այս դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել ևս 4 թուրք զինվորականի վերաբերյալ, վերջիններս այժմ քաղաքական ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել իշխանություններին։

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել էր, որ անկախ Հունաստանի դիրքորոշումից ՝ իրենք կգտնեն ու Թուրքիա կբերեն զինվորականներին։

«Ինչ ուզում են, թող անեն, մեր պարտքն է գտնել նրանց, «փաթեթավորել» ու Թուրքիա բերել», - ասել էր Բոզդաղը։

Դրան ի պատասխան՝ Կոցիասը շեշետել է, որ Հունաստանի իշխանությունների միակ պարտքն այս պարագայում արդարադատության հաստատումն ապահովելն է։

«Թուրքիան գիտի, որ մենք այն երկիրը չենք, ում հետ կարելի է խաղեր խաղալ։ Այստեղից ոչ ոքի չեք ստանա»,- ասել է նախարարը։