Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականը բավարար չէ, Վճռաբեկի բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, համակարգը «թունավորված է». Տիգրան Հայրապետյան

19:56 • 05.06.18

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականով դատական համակարգում արմատական փոփոխություններն չեն լինի, համակարգը «թունավորված է» և հետևաբար պետք է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները հրաժարական տան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի  նախագահի հրաժարականի դիմումին:

«Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականով բան չի փոխվի, էական փոփոխություններ կլինեն, եթե բոլոր դատավորները հրաժարական տան, նշանակվեն այնպիսի դատավորներ, ովքեր երբեք որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չեն եղել, անգամ նրանց հասցեին նման խոսակցություն չի հնչել, համակարգը «թունավորված է»: Այդ համակարգում նորմալ իրավաբաններ եղել են, սակայն եթե տարիներ շարունակ այնտեղ աշխատել են,  պետք է բոլորը դուրս գան,  անգամ ամենաազնիվ դատավորը, որ տարիներ շարունակ Վճռաբեկ դատարանում է եղել, գլուխը կախել է, պատվեր է կատարել,պիտի հրաժարական տա, որովհետև այդ համակարգում հնարավոր չէ արդար աշխատել, դրանք քանի դեռ լուրջ խնդիրների առաջ չեն կանգնել, պետք է հրաժարական տան»,-ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ անգամ պետք է մտածել Հայաստանում երկաստիճան դատական համակարգ սահմանելու մասին և իսկ եթե ոչ, ապա պետք է վերանայել Վճռաբեկ դատարանի լիազորությունները:

Հարցին, թե կադրային խնդիր չի՞ առաջանա,օրինակ, եթե բոլորը հրաժարական տան,  Տիգրան Հայրապետյանն ասաց, որ հատկապես քրեական գործերով դատավորների շրջանում հնարավոր է խնդիրներ առաջանան, սակայն այստեղ էլ լուծման տարբերակ կա՝ քաղաքացիական գործերով  որոշ դատավորներն կարող են փոխել իրենց ոլորտը և քննել քրեական գործեր:

Հայրապետյանի խոսքով՝ բոլորը, հատկապես փաստաբաններն ու Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ են, թե որ դատավորներն ինչպես են լուծում տալիս քրեական գործերին, իսկ կոռուպցիայի հետ առնչվող դատավորները միայն հրաժարականով չէ, որ պետք է ազատվեն.«Նրանց հայտարարագրերն ու իրական ունեցվածքի չափը պետք է պարզվի, պետք է վերանայվի անգամ 4 տարի առաջվա ՄԻՊ զեկույցը, որտեղ խոսվում էր Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհրդի վերաբերյալ համակարգային կոռուպցիայի մասին էր խոսում: Այստեղ Դատախազությունն ու ԱԱԾ-ն լռում են, պետք է քրեական գործ հարուցվի ու քննվի: Առնվազն ես երեք անգամ այդ մասին խոսել եմ»:

Դիտարկմանը, թե ըստ սահմանադրության՝ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն Վճռաբեկ դատարանի կազմի անդամը, Հայրապետյանն ասաց, որ օրենսդրական փոփոխություններ կարող են արվել, լուծումներ կարող են լինել, իսկ փոփոխություննները պետք է լինեն արմատական: