Բաշկիրիայի բնակչուհին շփոթել է Քրեական օրենսգիրքը Ղուրանի հետ ու թանգարանին հանձնել այն
Բաշկիրիայի բնակչուհին Ուֆա քաղաքի ոստիկանական թանգարանին է հանձնել արաբերեն գրված Քրեական օրենսգիրքը` մտածելով, թե դա Ղուրան է: Թանգարանում նույնպես Ղուրանի տեղ են դրել գիրքը:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Ռուսաստանի ոստիկանության հիմնադրման 300-ամյակի նախօրեին թանգարանի այցելուները մեծ ուշադրություն են դարձրել այս գրքին:
«Գիրքը բերել է տեղացի մի կին: Նա մտածել է, թե սա սուրբ գրություն է Ղուրանից ու երկար տարիներ դրել է այն իր որդու գլխի տակ, որը, մեծանալով, ոստիկան է դարձել: Մասնագետները պարզել են, որ սա ոչ թե սուրաներ են Ղուրանից, այլ 1926 թվականի հրատարակության Քրեական օրենսգիրք՝ արաբերենով», - պատմել է թանգարանի ներկայացուցիչը:
Նշվում է, որ նմուշը թանգարան է բերվել 2010 թվականին ու այդ պահից գտնվում է այցելուների ուշադրության կենտրոնում:










