Մելանյա Թրամփը մեկամսյա բացակայությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մոտ մեկ ամիս տևած բացակայությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ վերջ դնելով իր առողջական վատ վիճակի մասին տարածված խոսակցություններին:
Ինչպես նշում է The Guardian-ը, 48-ամյա սլովենուհին մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Աղբյուրը նկատում է, որ միջոցառումը դռնփակ է անցկացվել, ու լրագրողների մուտքն արգելված է եղել: Սակայն ներկաներից մեկը տեսանկարահանել է առաջին տիկնոջն ու հետո նյութը հրապարակել:
Ավելի ուշ Մելանյա Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ ինքն ու ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը հյուրընկալել են ամերիկացի զոհված զինծառայողների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ տիկին Թրամփը հանրային միջոցառման էր մասնակցել մայիսի 10-ին, ինչից հետո նա երիկամի բարորակ նորագոյացության վիրահատություն է տարել: Նշվում է, որ առաջին տիկնոջ տևական բացակայության պատճառով որոշ ամերիկացիներ փողոցների սյուներին փակցրել են անհետ կորածի մասին թռուցիկներ՝ Մելանյա Թրամփի պատկերով:















