8.000 կմ՝ 180 օրում. ֆրանսիացին լողալով փորձում է անցնել Խաղաղ օվկիանոսը
Ֆրանսիացի լողորդ Բենուա Լեկոմտը սկսել է Խաղաղ օվկիանոսը ծայրից ծայր հատելու գործողությունը, որի շրջանակում մտադիր է նաև հատել խաղաղօվկիանոսյան մեծ աղբային կետը՝ այդպիսով մարդկության ուշադրությունը սևեռելով օվկիանոսների աղտոտվածության խնդրին, հայտնում է lenta.ru-ն:
Մարզիկը հավակնոտ առաքելության մեկնարկը տվել է հունիսի 5-ին՝ ճապոնական Տեսի քաղաքից: Նրա վերջնական նպատակն է լողալով հասնել 8.000 կմ հեռավորության վրա գտնվող Սան Ֆրանցիսկո քաղաք:
Լեկոմտը մտադիր է օրական 8 ժամ լողալ ու տարածությունը հաղթահարել 180 օրում: Եթե դա նրան հաջողվի, ապա ֆրանսիացին կդառնա պատմության մեջ Խաղաղ օվկիանոսը լողալով հատած առաջին մարդը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լողի ժամանակ Լեկոմտին զբոսանավով հատուկ թիմ է ուղեկցելու:
Հայտնի է, որ 50-ամյա Լեկոմտը բնակվում է Միացյալ Նահանգներում: 1998թ. նա լողալով անցել է Ատլանտյան օվկիանոսը՝ 73 օրում հաղթահարելով 6.000 կմ:
Խաղաղօվկիանոսյան մեծ աղբային կետը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում աղբի կուտակատեղի է: Օվկիանոսային հոսանքները աղբը բերում են այս հատված, ինչի հետևանքով այժմ աղբային կետի մակերեսը կազմում է մոտ 1.6 մլն ք/կմ:










