Մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, բայց որոշումն այլ է լինելու. Արայիկ Հարությունյան

15:21 • 06.06.18

16:13


Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Արցախի ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանն իրեն փոխարինի, ասաց, որ նման որոշում չկա: «Ինձ համար մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, որովհետև իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, որին հարգում եմ, չեմ ուզում ամպագոռգոռ բառեր արտահայտել, բայց հատուկ հարգանքի է արժանի իմ կողմից և շատ եզակի մարդ է ինձ համար: Գնահատում եմ նրա գիտելիքը, նրան վաղուց եմ ճանաչում, շատ մեծ հարգանք ունի նրա անցած ճանապարհը, նա նաև շատ մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում, բայց որոշումն ուրիշ է լինելու»,-ասաց նա:


Արայիկ Հարությունյանը նշեց, որ և´ ոստիկանապետը, և´ ԱԱԾ պետը, ովքեր հրաժարական են տվել, լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել:

 
16:02

Կադրային և բարեփոխումների քաղաքականությունը մեր ներքին գործն է. Ա. Հարությունյանը` ՀՀ-ից իր հրաժարականի մասին հնչած արձագանքների մասին


Աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը շարունակելով պատասխանել հարցերին, ասաց, որ պետական կառավարման համակարգի բարեփոխման, քաղաքացիական հասարակարգի զարգացման առումով նպատակահարմար են նոր մարդիկ:


«Ես չեմ խանգարում, բայց լինելով կուսակցության առաջնորդ, ակտիվ քաղաքական գործիչ, դրսից ավելի եմ նպաստելու այդ բարեփոխումների իրականացմանը, ավելի հեշտ եմ բարեփոխմանը մասնակցելու` կարծիքներ արտահայտելով, քննադատելով, քան եթե լինեմ պետնախարար, որը սահմանափակում է իմ հնարավորությունները: Ես ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ, որն ավելի մեծ մասնակցություն է թույլ կտա այդ պահանջված բարեփոխումներին»,-ասաց նա:


Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամեն մի փոփոխություն բխում է հանրության շահերից, այն ծառայությունը, որը մատուցելու է Արցախին, ի նպաստ երկրին է լինելու, շատ ակտիվ քաղաքական կյանք եմ իրականացնելու:
 

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ արձագանք է ստացել Հայաստանից՝ պաշտոնից ազատվելու իր դիմումի առումով, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես շատ խորը հարգանք ունենք Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ, ունենք բավականին ջերմ հարաբերություններ, պլանավորված այցելություն ունեի առաջին փոխվարչապետի հետ արտասահման, այսինքն՝ կապը կա, բայց չի նշանակում՝ մեր որոշումների մասին մենք հարցնում ենք կամ «դաբրո» ենք ստանում. դա չկա ու երբեք չի լինելու»,-ասաց նա:


Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանից կարծիքներ լինում են Արցախի իրադարձություների վերաբերյալ, կամ Արցախից եղել են կարծիքներ Հայաստանի իրադարձությունների մասին: «Կադրային հարցերը և բարեփոխումների քաղաքականությունը, որ իրականացվում է, մեր ներքին գործն է»,-ասաց նա և, իր խոսքով, բացահայտեց գաղտնիք, որ  խոսակցություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ:


15:47 


Արայիկ Հարությունյանը նշեց, որ համարում է, թե տնտեսական առումով բարեփոխումները հաջողել են իրականացնել, ժողովրդական արժեքների ամրապնդման, քաղաքացիական հասարակարգի ձևավորման առումով ունեցել են առաջընթաց, բայց այսօր հանրության պահանջն ավելի մեծ է:


«Ինձ թվում է` նաև անհրաժեշտ է հաճախակի իրականացնել կադրային փոփոխություններ` սկսում ենք մեզանից»,-ասաց նա և նշեց, որ միշտ էլ հնարավոր է ընդդիմություն լինել, եթե ճանապարհից շեղվեն, բայց խնդրեց հետին մտքեր չունենալ և ավելացրեց, որ իր համար հայրենիքը առաջնահերթ է:


«Ուզում եմ ասել, որ առաջին պատմավեպը, որ ես ընթերցել եմ, եղել է «Սամվելը», ինձ թվում է՝ ավելին ասելու կարիք չկա»,-ասաց նա:


Հարցին, թե ե՞րբ է առաջացել պաշտոնը թողելու միտքը, նա նշեց, որ քննարկումներ միշտ կային: «Այդ քննարկումները ոչ միայն այս վերջին ամսին են տեղի ունեցել, այլ նախագահի հետ պարբերաբար քննարկումներ եղել են կոնկրետ իմ հրաժարականի անհրաժեշտության մասին: Նման իրավիճակ ունեցել ենք 2012 թվականի ընտրություններից հետո, երբ ամբողջ հասարակությունը փորձեց թիրախ ընտրել ինձ, համարելով, որ երկրում բոլոր պրոբլեմներն  իմ պատճառով են, և ես այն ժամանակ նախագահին ասել եմ` պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, շարունակել ծառայել երկրում, այդ թվում՝ այն ժամանակ նախագահի թիմում»,-պատմեց նա:


Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ իշխանություն և սատարելու են կառավարության գործունեությանը, ծրագրին, որի կազմմանը կոնկրետ ինքը մասնակցություն է ունեցել: Ինչ վերաբերում է լուրերին, թե իր վրա ճնշում է գործադրվել, նա ասաց, որ դա միայն ծիծաղ է առաջացնում ընդամենը:


15:21


Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց  աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառները: Նա նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկը՝ երևի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը և ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը:


«Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Պառլամենտում այսօր ամենամեծ խմբակցությունը ունի մեր կուսակցությունը»,-ասաց նա և նշեց, որ նպաստելու են նախագահի կողմից իրականացվող բարեփոխմանը:


«Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից, ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է և այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում»-ասաց նոր և նշեց, այսօր նոր երիտասարդ կադրեր են պետք:


«Դեռ չի սպառվել իմ ռեսուրսը, չեմ պատրաստվում հրաժարվել քաղաքականությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը»,-ասաց նա:


Ուղիղ հեռարձակումը՝ Artsakhpress.am-ի: