Բելառուսում կալանավորել են Լուկաշենկոյի նախկին օգնականին
Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնոյի մարզի հարցերով տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, որը ձերբակալվել էր կաշառք ստանալու պահին, կալանավորվել է: Այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն հայտնել է, որ Ռովնեյկոն ձերբակալվել է հանցանքի վայրում 200 հազար դոլար կաշառք ստանալու ժամանակ: Պաշտոնյան կասկածվում է դրամաշորթության և բիզնեսի ու «իր լիազորությունների մեջ մտնող հարցերի լուծման համար» տարբեր կոմերցիոն կառույցներից կաշառք ստանալու համար:
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախկին օգնականի ձերբակալությունը, նշել է, որ Ռովնեյկոն իրեն պահել է ինչպես «իսկական հանցագործ»:










