Հայաստանում ցույցերը ռուսաստանցիների մոտ հատուկ զգացողություններ չեն առաջացրել. «Լևադա-կենտրոն»

15:02 • 06.06.18

«Լևադա-կենտրոն» հանրային կարծիքի ուսումնասիրության ռուսական կազմակերպությունը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:

Հետազոտության տվյալներով՝ հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 48 տոկոսը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում Հայաստանի իրադարձությունների մասին, 39 տոկոսը հաստատել է, որ նրանց որոշ տեղեկություններ են հայտնի ցույցերի մասին և միայն 12 տոկոսն է նշել, որ քաջատեղյակ է երկրում իրավիճակի մասին:

Կենտրոնի անցկացրած հարցման մասնակից ռուսների 58 տոկոսը հայտարարել է նաև, որ ցույցերի մասնակիցները նրանց մոտ որևէ հատուկ զգացողություն չեն առաջացրել: Հարցման մասնակիցների 10 տոկոսը հայտարարել է ցուցարարների նկատմամբ իրենց համակրանքի մասին, 10 տոկոսը՝ վրդովմունքի, իսկ 14 տոկոսը՝ հարգանքի մասին: Հայաստանում ցուցարարները ռուսների 2 և 1 տոկոսի մոտ, համապատասխանաբար, չարություն և նախանձ են առաջացրել:

Միևնույն ժամանակ, ռուսների ավելի քան 40 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում նման ակցիաներ ըստ երևույթին չեն կարող տեղի ունենալ:

Հարցումն անց է կացվել 2018 թվականի մայիսի 24-30-ը: Դրան մասնակցել է 136 բնակավայրերում 18 տարեկանից բարձր 1600 մարդ: