Մակրոնը Թրամփի հետ զրույցը համեմատել է նրբերշիկի պարունակության հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մանրամասներ հայտնել իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսային բանակցություններից, հաղորդում է Ouest France-ը։
Մակրոնն իր որոշումը բացատրելիս մեջբերել է Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին՝ բանակցությունները համեմատելով նրբերշիկի պարունակության հետ։
«Ես երբեք չեմ բացահայտում այն, ինչ կատարվում է փակ դռների ետևում։ Որովհետև, ինչպես ասել է Բիսմարկը, եթե մարդկանց մոտ բացահայտես նրբերշիկի բաղադրատոմսը՝ վստահ չեմ, որ նրանք կշարունակեն դա ուտել», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ «խոհանոցային» մեկնաբանությունները դժվար թե օգնեն «սեղանի ձևավորմանն» ու ախորժակի լավացմանը։
Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է, որ Թրամփի հետ խոսակցությունը բավականին «անկեղծ» է եղել։
Ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ Մակրոնի ու Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը «սարսափելի է» ստացվել։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահն անօրինական է համարել ԱՄՆ կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար սահմանված նոր հարկերը։










