Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Վաշինգտոնից պահանջում են հրաժարվել Իրանում իրենց ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներից

17:34 • 06.06.18

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ և էկոնոմիկայի նախարարները պահանջում են Վաշինգտոնից հրաժարվել պատժամիջոցներ կիրառել Իրանում աշխատող եվրոպական ընկերությունների նկատմամբ, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք պահանջում ենք ձեզնից ամերիկյան պատժամիջոցներից ազատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի հետ պայմանագրեր կնքած կամ քննարկումներ սկսած եվրոպական ընկերությունների նկատմամբ»,- ասված է նախարարների նամակում, որը չորեքշաբթի Twitter-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը:

Հունիսի 4-ին թվագրված նամակը հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին:

«Մենք խորապես ցավում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։ Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը չափազանց կարևոր է հավաքական անվտանգության հետ կապված մեր շահերը պաշտպանելու համար»,- նշել են եվրոպացի նախարարները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, որը ստորագրվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին:  Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: