Հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը ներկա կլինի Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպմանը. Daily Mail (լուսանկարներ)
NBA-ի աստղ Դենիս Ռոդմանը ներկա կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Սինգապուրում կայանալիք պատմական հանդիպմանը, հայտնում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպելու են հունիսի 12-ին, Սինգապուրում: Ինչ վերաբերում է սևամորթ մարզիկի ներկայությանը, ապա նա Սինգապուր կժամանի հունիսի 11-ին ու էական դեր կունենա բանակցային գործընթացում: Հայտնի է, որ բասկետբոլիստը Կիմ Չեն Ընի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է:
«Կապ չունի, թե մարդիկ ինչ կմտածեն նրա ներկայության մասին: Բայց մի բան ակնհայտ է՝ հանդիպման վարկանիշը շատ բարձր է լինելու: Եղել են բազմաթիվ իրավիճակներ, երբ դիվանագիտական բարդ հարաբերություններ ունեցող երկրները դիմել են բարի կամքի դեսպաններին, ու Դենիս Ռոդմանն այս դերի համար շատ համապատասխան է»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոդմանը զգալի դերակատարում ունի Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև կապի հաստատման հարցում: Մարզիկը պատմել էր, որ 2017թ. հունիսին Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Ընին Թրամփի ու Ամերիկայի մասին գրքեր է նվիրել:
«Ես շատ բան եմ արել Դոնալդ Թրամփի համար: Կարծում եմ, որ Կիմը չէր գիտակցում, թե ով է Դոնալդ Թրամփը, քանի դեռ ես նրան այդ գրքերը չնվիրեցի»,-պատմել է Ռոդմանը:
Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման ժամանակ կողմերը մտադիր են քննարկել Փհենյանի վիճահարույց միջուկային ու հրթիռային ծրագրերի սառեցումը:














