Գևորգ Սաֆարյանին և մյուսներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների լուծումները հետաձգվեց.Ներսես Պողոսյանը հացադուլ հայտարարեց (տեսանյութ)
16:15
Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը որոշեց շարունակել դատական նիստը։ Դատարանն անցավ վերաքննիչ բողոքների քննությանը։ Դատական նիստը շարունակվում է։
16:03
Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դեմ արտահատվեց դատարանի որոշումներին`ասելով, որ դատարանը պարտավոր է խափանման վերաբերյալ միջնորդությունները քննել անհապաղ և հնարավոր է, որ դիմեն Վճռաբեկ դատարան։ Հայրապետյանն ասաց, որ դատարանը երեք տարբեր տեսակի միջնորդությունների վերաբերյալ նույն որոշումը կայացրեց և միջնորդեց հետաձգել դատական նիստը։
Դատական նիստն ընդմիջվեց հինգ րոպեով, որպեսզի կողմերը դիրքորոշում հայտնեն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը համաձայնություն հայտնեց դատական նիստը շարունակելու վերաբերյալ։
Դատավոր Բարսեղյանը ներկայացնում է առաջին ատյանի կողմից կայաված վճիռները։ Դատարանն անցավ վերաքննիչ բողոքների քննությանը, որով ամբաստանյալները պահանջում են արդարացնել իրենց։
15:33
Խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեցին նաև Հրայր Թոփչյանի պաշտպանը: Նա միջնորդեց,որ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառել 500 հազար դրամ գրավ` հաշվի առնելով պաշտպանյալի ֆինանսական վիճակը։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը,դատախազը չառարկեց։
Նույն հիմքով դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը։
Դատարանին խափանման միջոց կալանավորում փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Գալուստ Գրիգորյանի պաշտպան Աննա Ջուվանովան։
Նա ասաց,որ դատարանը պետք է վերանայի խափանման միջոցը։ Պաշտպանը հայտնեց,որ գրավի միջնորդություն չի կարող ներկայացանել, որովհետև պաշտպանյալը գումար չունի.«Խնդրում եմ խափանման միջոց կալանավորումը փոխարինել ստորագրությամբ»։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Փանոսյանն ու Պետրոսյանն առարկեցին միջնորդությանը։
Դատարանը տեղում խորհրդակցեց և որոշեց միջնորդության լուծումը հետաձգել։
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ իրենք ևս ցանկանում են միջորդություն ներկայացնել, սակայն Սեֆիլյանն այն դիրքորոշումն ունի, որ ինքը պետք է վերջում ներկայացնի միջնորդությունը որպես հրամանատար։
15:17
Վերաքննիչ դատարանը Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգեց:
Այս մասին խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։
Այնուհետև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով նշեց, որ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորագիր և վճարված գումարի անդորրագիր են ներկայացրել, որ երաշխավորում են Ներսես Պողոսյանի պատշաճ վարքագիծն ու այլ դատավարական պարտավորություններ։
«Դատարանին միջնորդում եմ Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ԱԺ պատգամավորների երաշխավորությունը»,-ասաց Պապիկյանը։
Պաշտպանական կողմը միաձայն միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող Փանոսյանը չառարկեց միջնորդության դեմ։
Դատարանը տեղում խորհրդակցելուց հետո դատարանն ասաց,որ նույն հիմքով միջնորդության լուծումը հետաձգեց։
Ներսես Պողոսյանն դատարանի դահլիճից հայտնեց.«Ես հացադուլ եմ հայտարարում, վերջ»։
15:05
Վերաքննիչ դատարանը Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգեց:
12:47
Մեղադրող դատախազը կողմ արտահայտվեց Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդությանը։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
12:39
«Միջնորդում եմ փոխել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը վերացնել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհառանալու մասին,իսկ եթե ոչ խնդրում ենք քննարկել ԱԺ «Ելք» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի անձնական երաշխավորությունը»,-ասաց Եգորյանը՝ կից ներկայացնելով պատգամավորների գրավոր երաշխավորագիրն ու 1մլն դրամի անդորրագիրը։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։
12:33
Դատական նիստի մեկնարկին դատարանը կողմերին հարցրեց, թե արդյոք ունեն բացարկի միջնորդություններ դատավորների ու դատախազների նկատմամբ։
Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց,որ դեռ չի կողմնորոշվում դատավորին ինքնաբացարկ հայտնել-չհայտնելու հարցում և իր կողմնորոշումը պայմանավորված է դատարանի պատասխանով։
Տիգրան Հայրապետյանն ասաց,որ վերաքննիչ բողոքի հետ միաժամանակ Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել.«Դուք այն մերժել եք և ասել եք, որ ոչինչ չի փոխվել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվի։ Ընդունու՞մ եք, որ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանում,իրավիճակ է փոխվել»։
Նախագահող դատավորը հայտնեց,որ խափանման միջոցի վերաբերյալ
դատական ակտ է կայացվել, դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է և պարզաբանելու անհրաժեշտություն չի տեսնում.«Դուք վճռաբեկ բողոք եք ներկայացրել և բացի այդ, դատարանը արդարադատություն է իրականացնում, երբեք որևէ ազդեցության չի ենթարկվել»։
Դրանից հետո դատարանն առաջարկեց ներկայացնել վերաքննիչ բողոքները, սակայն պաշտպանները հայտնեցին, որ խափանման միջոց կալանքները փոխելու վերաբերյալ միջնորդություններ կան։ Դատարանը որոշեց լսել ամբաստանյալների խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Պաշտպանները միջնորդություններ են ներկայացնելու ամբաստանյալներին կալանքից ազատելու վերաբերյալ։
11:53
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Նախորդ դատական նիստը, որը նշանակված էր մայիսի 30-ին, տեղի չունեցավ, որովհետև ուղեկցող գումարտակը ամբաստանյալներին չէր բերել դատարան: Դրան հաջորդեց բողոքի ակցիան դեպի վճռաբեկ դատարան և Գլխավոր դատախազություն: Ցուցարարները Վճռաբեկ դատարանից պահանջում էին արագ վարույթ ընդունել և քննել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքի դեմ վճռաբեկ բողոքը, սակայն դատարանից տեղեկացրին, որ բողոքը հետ է վերադարձվել՝ շտկումների կարիք կա:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի ժամկետով:
Գործով մեկ այլ դատապարտյալ Հովհաննես Պետրոսյանը,ով ցուցմունք էր տվել Սեֆիլյանի դեմ,պատժի կրումից հետո ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:










