Թբիլիսիի մետրոն կվերսկսի աշխատանքը. գնացքավարները դադարեցրել են գործադուլը
Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները դադարեցրել են գործադուլը, չորեքշաբթի մետրոն կվերսկսի աշխատանքը: Այդ մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչ «Էրտոբա 2013» մետրոյի գնացքավարների արհմիության ղեկավար Ռատի Կապանաձեն, հաղորդում է «Առաջին ալիք» հեռուստաալիքը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մետրոն կվերսկսի աշխատանքը ժամը 14:00-ին»,- հայտարարել է Կապանաձեն լրագրողներին: Թե որքան կբարձրանա գնացքավարների աշխատավարձը՝ հայտնի չէ, այդ հարցի վերաբերյալ բանակցություններ կսկսվեն մոտ ժամանակներս:
Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները լույս չորեքշաբթի բանակցություններ են անցկացրել գնացքավարների հետ:
Հիշեցնենք, որ մետրոյի գնացքավարները գործադուլ էին սկսել երկուշաբթի: Թբիլիսիի մետրոպոլիտենը դադարեցրել էր աշխատանքը, ինչի հետևանքով քաղաքում տրանսպորտային կոլապս էր տեղի ունեցել: Գնացքավարները պահանջում են 45 տոկոսով աշխատավարձի բարձրացում:










