Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքումից հետո անհայտ կորած է համարվում մոտ 200 մարդ (լուսանկարներ)
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքումից հետո անհայտ կորած մարդկանց թիվը հասել է մոտ 200-ի։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Գվատեմալայի բնական աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավարի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 75-ի, հաջողվել է պարզել զոհերից միայն 23-ի ինքնությունը։ Մահացած 7 երեխայի ինքնությունը պարզելու համար նրանց մարմինների մնացորդները կուղարկվեն ԱՄՆ՝ գենետիկ փորձաքննության։
Միևնույն ժամանակ, իշխանությունները զգուշացրել են հրաբխի կրկնակի ժայթքման հավանականության մասին, հրաբխի մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչներին խորհուրդ է տրվել լքել տարածքը։
Նշենք, որ Ֆուեգո հրաբուխն արթնացել է հունիսի 3-ին, այն մեծ քանակությամբ լավա և մոխիր է արտանետել մինչև 10 կմ բարձրության վրա։ Մահացածներից շատերը ժայթքման պահին փախչելու ու ապաստան փնտրելու փոխարեն շարժվել են հրաբխի կողմ՝ փորձելով դիտել հազվագյուտ երևույթը։


















