Այն պահին, երբ զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը, հինգ րոպե չեմ մնա կառավարությունում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

19:38 • 07.06.18

Մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր, և այդ թիվը բազմաթիվ դեպքերում նույնն է․ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր ընդդիմախոսների դիտարկումներին, թե կառավարության ծրագրում թվեր չկան:

«Եթե այդ թիվն այդքան նկատելի չէ, ես կներկայացնեմ: Ինչպիսի՞ն է Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը: Ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը: Ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո»,- ասաց նա:

Նա նկատեց, որ իր ներկայացրած ծրագրին ամենալավ գնահատականը տվել է Էդուարդ Շարմազանովը, որն ասել է, որ այն «երազանքների ծրագիր է»: «Այո՛, պարոն Շարմազանով, Ձեր կուսակցությունն ու ձեր կառավարությունը թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Սա երազանքների ծրագիր է, և սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է:  Եվ մենք այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ենք երազելու իրավունքը և երազանքները իրականացնելու իրավունքը»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նկատեց, որ երջանկության մասին է խոսվում, պետության գործառույթի մասին է խոսվում: «Ցույց տվեք վերջին անգամ, թե Ազգային ժողովի կամ կառավարության քննարկման ժամանակ հնչել է, թե լավ, ի վերջո, Հայաստան պետության գոյության իմաստը ո՞րն է: Մեր նորանկախ պետության գոյության ընթացքում չի եղել քննարկում, թե ինչու ենք այս պետությունը ստեղծել: Ստեղծել ենք, որ պաշտոն ունենա՞նք, որ առանձնատներ ունենա՞նք, որ ծառայողական մեքենաներ ունենա՞նք: Դա՞ է մեր պետության նպատակը»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ պետք է հստակ լինի, թե որն է իրականում մեր պետության գոյության գործնական նպատակը:

«Երջանկությունն այնքան տարօրինակ բառ է թվում: Հասկանալի է: Որովհետև մենք խոսում ենք մի խորհրդարանում, որտեղ մարդկանց մոտքով չի էլ անցել, որ իրենց գործառույթը մարդկանց երջանկությունից չզրկելն է, մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն տալն է»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար հեղափոխությունից հետո ամենակարևոր ցուցանիշն այն է, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր համար ամենակարևոր ցուցանիշը, որը տոկոսով և թվերով չի չափվում, բայց իրենց կառավարության համար կարևոր ուղենիշ է: «Մեր կառավարությունն այդ ժպիտից մարդկանց չի զրկի: Դա է մեր ամենակարևոր գործառույթը»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ քննարկումներին, ըստ որոնց, ծրագիրը պետք է համապատասխաներ համաձայնության կառավարության բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերին: «Ես «Ելք» խմբակցության անդամ եմ, բայց ես վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու, ոչ էլ որպես այլ խմբակցության թեկնածու: Ես ընտրվել եմ որպես ՀՀ ժողովրդի թեկնածու, և հիմնական քաղաքական գործոնը, որ պահելու է այս կառավարությունը, ժողովրդի վստահությունն է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց՝ գիտի, որ այն պահին, երբ չունենա ժողովրդի վստահությունը, դրանից հինգ րոպե չի տևի իրենց մնալը կառավարությունում: «Եվ ուզում եմ ասել, որ այն պահին, երբ զգամ չունեմ ժողովրդի վստահությունը, հինգ րոպե չեմ մնա կառավարությունում: Ուզում եմ բոլորս հասկանանք, որ ինձ Ազգային ժողովն ընտրել է ի հեճուկս իր սեփական ցանկությունների: Որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որևէ մեկին՝ ինձ վարչապետ ընտրելով և որևէ մեկը թող չասի, թե մեզ լավություն են անում կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որևէ մեկի լավության կարիքը չունենք: Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը, և մենք ասել ենք, որ ժողովրդի վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք: Եվ դա կդառնա՛ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից՝ դուք դա ուզում եք, թե՝ ոչ »,- ասաց նա: