Վաղարշապատում կատարված սպանությունը բացահայտված է, հայտարարվել է հետախուզում. ոստիկանություն

10:14 • 07.06.18

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է police.am կայքը։

Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի և Քննչական կոմիտեի ծառայողների համատեղ օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը. ձեռնարկվում են համալիր միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։

Գրիգոր Ավետիսյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։